հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գրքերը խնդրեցին հանել Թումանյանի արձանի պատվանդանից. «ՀԺ»-ի օգտին ակցիան կայացավ

Գրքերը խնդրեցին հանել Թումանյանի արձանի պատվանդանից. «ՀԺ»-ի օգտին ակցիան կայացավ

Այսօր ժամը 16:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց գրողներ Արփի Ոսկանյանի և Համբարձում Համբարձումյանի նախաձեռնած գրքերի վաճառք-ակցիան, որի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Հիշեցնենք, որ օրաթերթը դատարանի վճռով պետք է 2 միլիոն 44 հազարականդրամ վճարի երեք օլիգարխ պատգամավորների` Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին և Լևոն Սարգսյանին:

Ակցիայի հեղինակները ներկայացրել էին Լևոն Խեչոյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Գայանե Բաբայանի, Վանո Սիրադեղյանի, Արփի Ոսկանյանի գրքերը:

Լրագրողների հետ զրույցում Արփի Ոսկանյանը նշել է, որ իրենք մինչև երեկոյան 21:00-ը շարունակվող ակցիայի ընթացքում ներկայացվելու են նաև Արմեն Օհանյանի, Լիզա Ճաղարյանի, Կարինե Խոդիկյանի, նաև այլ գրողների գրքեր:

Ակցիայի մեկնարկից 40 րոպե անց հավաքվածներին մոտեցան մի քանի ոստիկաններ, որոնց գլխավորում էր ավագ սերժանտ Դավթյանը (ինչպես ինքը ներկայացավ), և, հետաքրքրվելով, թե ինչ է տեղի ունենում հրապարակում, ասաց, որ գրքերի վաճառքը տվյալ վայրում արգելվում է:

Համբարձում Համբարձումյանը բացատրեց, որ դա ինքնաբուխ ակցիա է, և ակցիայի մասնակիցների թիվը չի գերազանցում 100 հոգին, որից հետո Դավթյանը վերցրեց հեռախոսը` ասելով. «Տեսնենք` ինչ են որոշում»: Լրագրողների այն հարցին, թե ով պետք է որոշի, նա պատասխանեց. «Ես»: Լրագրողների կրկին հացրերցին, թե արդյոք Դավթյանն ինքն իրեն է զանգահարում: «Այո»,- պատասխանեց ոստիկանը և հեռախոսով զրուցելուց հետո խնդրեց գրքերը հավաքել Թումանյանի արձանի պատվանդանից և շարել աստիճանների և նստարանների վրա:

Կազմակերպիչները կատարեցին ոստիկանի խնդրանքը, որից հետո նա ցանկություն հայտնեց առանձնազրույց ունենալ Համբարձում Համբարձումյանի հետ:

Վերջինս ոստիկանի հետ զրուցելուց հետո պատմեց լրագրողներին, որ Դավթյանը ցանկացել էր իմանալ, թե գրողներից ով է մասնակցում ակցիային: Պատասխան ստանալուց հետո, նա կրկին սկսել էր զանգել, իսկ ակցիան շարունակվել էր իր հունով:

Նշենք, որ ակցիան կանցկացվի նաև վաղը` 16:00-ից մինչև 21:00-ը:

Հիշեցնենք,  որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը ընդդեմ ԱԺ երեք պատգամավորների օգտին` Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճռի: Համաձայն որոշման` օրաթերթը պետք է 6 միլիոն 132 հազար դրամ դրամ վճարի Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: