Home / Հայաստան / «Փարիզյան սուրճ»-ի բացօթյա հատվածն ապամոնտաժեցին. այցելուները դժգոհ են

«Փարիզյան սուրճ»-ի բացօթյա հատվածն ապամոնտաժեցին. այցելուները դժգոհ են

Այսօր կեսօրից հետո Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Աբովյան փողոցում գործող «Փարզիյան սուրճ» սրճարան և ասել, որ քաղաքապետի որոշմամբ սրճարանի բացօթյա հատվածը պետք է քանդեն:

«Փարիզյան սուրճ»-ի հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը դեռ այդ որոշումը չի նայել, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչու 16 տարի սրճարանի տվյալ հատվածը գործել է և որևէ մեկին չի խանգարել, իսկ այժմ այն պետք է քանդվի:

«Մենք որոշեցինք ինքներս ապամոնտաժել, որովհետև իրենք ասացին` եթե դուք չհանեք, մենք ենք քանդելու: Ես չգիտեմ, Հայաստանում մի քիչ դժվար է ասել` օրինական է, թե ոչ: Որոշո՞ւմ են կայացրել, որ այլևս չեն լինելու սրճարաններ Աբովյանի վրա, եթե իրականում նման օրենք կա, ես համաձայն եմ օրենքին, բայց եթե «Փարզիյանի» պատերը, բետոնները 16 տարի է կան, հիմա ինչո՞ւ են խանգարում: Մեր հաճախորդներն ուզում էին ինչ-որ բան ստորագրեն, բայց մինչև երկուշաբթի կսպասենք, նայենք, թե ինչ կլինի: Ես երկուշաբթի կգնամ և կդիմեմ պարոն քաղաքապետին, որ իմանամ` ինչ պետք է անել վերականգնելու համար: Որոշումը նայենք, որովհետև Փարզիյանը ճանաչվել է հենց իր դրսի սրճարանի համար, ոչ թե ներսի», – ասել է Գործունյանը:

Նշենք նաև, որ այս տարիների ընթացքում սրճարանին հարող պուրակի մի մեծ հատվածը հենց սրճարանի տերն է խնամել, կանաչ տարածք ստեղծել և եղևնիներ  տնկել, ինչի համար նույնիսկ արժանացել է էկոլոգիական լավագույն սրճարան պատվոգրի:

Երբ սրճարանի բացօթյա հատվածն ապամոնտաժում էին, սրճարանում նստած սուրճ խմող մարդիկ Epress.am-ի թղթակցից տեղեկացան, որ այն այլևս չի գործելու և այնտեղ գտնվող բոլոր մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը: Մանկավարժ Աստղիկն ասել է, որ այս սրճարանում մթնոլորտը շատ ջերմ է, սպասարկումը` լավ, և լավ հասարակություն է այստեղ հավաքվում:

«Հետո ինձ թվում է` քաղաքի տեսքին չէր խանգարում: Ճաշակով էր: Մենք Հրազդանից ենք, ինչքան Երևան ենք եկել այստեղ ենք սրճել: Բայց ինչո՞ւ են քանդում, չէ որ բոլորը վազում են, ընդօրինակում են Եվրոպային, հիմա ամբողջ Եվրոպան այսպիսի սրճարաններ ունի, դեմ եմ, որ քանդում են», – ասել է տիկին Աստղիկը:

Երևանի հնաբնակներից Արամ Հարությունյանը նույնպես խոսել է սրճարանի բացօթյա հատվածի քանդելու մասին:

«Դա նման ա նրան, ոնց որ 50 թվականին բաղնիքները հանեին Երևանից, այսինքն` այն տեղը, որտեղ մարդիկ հավաքվում են, կարողանում են իրար հետ շփվել, մտքեր փոխանակել: Մենք ռեգիոնում հայտնի ենք, որպես սրճարաններով հարուստ քաղաք և օտարերկրյա քաղաքացիները գալիս եմ մեզ Հարավային Կովկասի մյուս մայրաքաղաքների հետ համեմատում են, ասում են` դուք ավելի շատ նման եք  եվրոապական քաղաքի,  դա ուզում են վերացնել, ես դեմ եմ», – ասել է  Հարությունյանը և հիշեցրել, որ քաղաքում այլ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեին:

Tekali Taxi