2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Արմեն Օհանյանը կարծում է, որ իրեն ցանկանում են ներգրավել որպես վկա

Արձակագիր, ակտիվիստ, «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Օհանյանն  (Նկարում` ձախից) ԱԱԾ քննչական վարչություն է հրավիրվել  հարցաքննության` կեղծ միջնակարգ կրթության վկայական տրամադրելու վերաբերյալ քննվող գործի շրջանակներում:  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Օհանյանն իր տանից ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, այնուհետև ազատ արձակվել:

Epress.am-ի հետ զրույցում Օհանյանը նույնպես մեկնաբանել է բերման ենթարկելու փաստը.

«Իմ մտերիմ ընկերներից մեկի անունը կա այդ գործում և ենթադրում եմ, որ մտածել են, որ իմ մոտիկ ընկերն է, ես կարող եմ որևէ բան իմանալ: Ենթադրում եմ, որ որպես վկա են ուզում ներգրավել: Ես ժամը 16:00-ին փաստաբանիս հետ գնալու եմ այնտեղ, որպեսզի իմանամ, թե ինչի համար էին ինձ բերման ենթարկել», - ասել է Արմեն Օհանյանը: