2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ակցիա նախագահի նստավայրի մոտ. այս անգամ բողոքում էին օդաչուները

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում հաշմանդամ օդաչուները:

«Ամեն հինգշաբթի հավաքվել ենք կառավարության շենքի մոտ ու որևէ արդյունքի չենք հասել:  Կառավարության անդամներից ոչ ոք երբևէ մեզ չի մոտեցել ու որևէ կերպ  մեր հարցի լուծմանը նպաստելու ելքեր չի առաջարկել: Բոլոր նրանց, ում մինչ օրս մենք դիմել ենք, ցույց են տվել Բաղրամյան 26-ը՝ մատնանշելով Սերժ Սարգսյանին: Մեր հարցի լուծումը միայն նա կարող է տալ: Բավական է համեստություն անել ու լռել: Եկել ենք նախագահական նստավայր՝ մեր բողոքի ձայնը հասցնելու երկրի առաջին դեմքին, և պահանջում ենք օրենքով մեզ հասանելի   հաշմանդամության նպաստները», - Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ակցիային մասնակցող օդաչուներից մեկը:

Հաշմանդամ օդաչուների խոսքերով՝ իրենց շարքերը գնալով նոսրանում են, ինչն էլ շահավետ է հայաստանյան իշխանությունների համար:

«Մի քանի օրից, երբ կրկին կգանք այստեղ, կարող եք գալ ու համոզվել, որ այս մի քանի օրում մեր շարքերում կորուստներ ենք ունեցել: Բայց գալու ենք այնքան ժամանակ, մինչև վերին ատյաններում հասկանան, որ պետք չէ այսչափ անտարբեր լինել այս երկրի համար առողջությունը քայքայած մարդկանց նկատմամբ: Կարևոր չեն եղանակային պայմանները, եթե պահանջվի՝ նստացույցի  կդիմենք հենց Ամանորի գիշերը», - ասել են նրանք:

Հիշեցնենք, որ հաշմանդամ օդաչուների խումբը բողոքում է այն փաստի կապակցությամբ, որ իրենք աշխատանքի ընթացքում վնասվածքներ են ստացել, սակայն իրենց փոխհատուցում չի վճարվել: