Գլխավոր / Հայաստան / Նախագահականի մոտ բողոքողները չեն հավատում իրենց խնդրի լուծմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի մոտ բողոքողները չեն հավատում իրենց խնդրի լուծմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները:

2006 թվականին նրանք դուրս են եկել իրենց տներից, որոնք քանդվել են, և դրանց փոխարեն կառուցվել են նորակառույցներ: 2006 թվականին «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո իրենց բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց:

«2006 թվականին իմ տունը քանդել են: Պետք է սարքեին երկու տարում, չեն սարքել, հետագայում սարքելուց հետո էլ պարզվել է, որ բնակարանս վաճառված է ռուսաստանաբնակ ինչ-որ մեկի: Չգիտենք՝ ինչ անել, ում դիմել, ասում են շինարար Պապոյան Գագոն փախել ա, մեկ ուրիշի դատել են, մենք հայտնվել ենք անորոշ վիճակում», — Epress.am-ի հետ զրույցում ասել է 40 տարեկանի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի տղամարդ:

Բնակիչները նշել են, որ Գագիկ Պապոյանն ընդամենը դրածո է, իր մեջքին «ավելի մեծ մարդիկ կան», այդ իսկ պատճառով այս հարցը լուծվող չէ: Որպես մեջքին կանգնած մարդիկ նրանք, մասնավորապես, նշել են նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պատմել են, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 28-ին նրանք դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նամակում խնդրելով «դուրս բերել անելանելի վիճակից և օգնել սեփական հայրենիքում սեփական հայրենակիցների ձեռքով փողոց շպրտված մարդկանց չկորցնել արդարության հասնելու վերջին հույսը»:

Նոյեմբերին ուղարկված նամակին ի պատասխան` ՀՀ նախագահի աշխատակազմից բողոքողներին պատասխանել էին, որ իրենք իրավասու չեն տվյալ հարցով զբաղվել, և խորհուրդ են տվել դիմել դատարան:

Դրանից հետո, տվյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:

Բնակիչները նշել են, որ չեն հավատում, որ օրենքով կամ դատարանի օգնությամբ իրենք ինչ-որ բանի կհասնեն:

«Սա մեր վերջին հույսն է, որ երկրի նախագահը ինքը պետք է հասկանա, որ իր երկրի քաղաքացին հայտվել է փողոցում», — այսօրվա ակցիայի մասին ասել է մասնակիցներից մեկը:

Նրանք այսօր ևս մեկ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որում կրկին խնդրում են լուծում տալ իրենց հարցին: Այսօր բողոքողներից մի քանիսին ընդունել է ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը հանդիպումից հետո ասել է, որ Հովսեփյանը հորդորել է սպասել մինչև խորհրդարանական ընտրությունները:

«Մենք ընտրությունից հետո ոչինչ չենք տեսնի, սա նշանակում է վազել գնացքի հետևից: Մենք շարունակելու ենք բողոքի ակցիաները նաև նստացույցի  ձևով: Կորցնելու ոչինչ չունենք, թող նախագահը մտածի», — ասել է նա:

Նախագահական նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են Կենտրոն վարչական շրջանի Նոտարական գրասենյակ և նոտար Ալվարդ  Մելքոնյանից պահանջել պարզաբանումներ տալ իրենց ներկա կարգավիճակի մասին: Մելքոնյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ ինքը նույնպես խաբված է, քանի որ ինքը ևս բնակարան է ձեռք բերել այդ շենքերից մեկում և ոչինչ ասել չի կարող:

«Գործով ընթանում է դատավարություն, դատավարության ավարտից հետո պարզ կլինի` ինչ է լինելու», — ասել է նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները  նոտարական գրասենյակից շարժվել են դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հանդիպել են գործը քննող Վաղինակ Ջանազյանի հետ:

Վերջինս տեղեկացրել է, որ ՀՔԾ-ին գործը քննելու համար ամիսներ են հարկավոր, քանի որ պետք է հարցաքննվեն հարյուրավոր մարդիկ: Դա առաջացրել է մարդկանց դժգոհությունը. նրանք հեռացել են ՀՔԾ-ից, և պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները: