2012 թվականի փետրվարի 3-ին, ժամը 11:00-ի շրջանում ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը կեսօրից հետո տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, և այդ ընթացքում նրան զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, ինչպես նաև որևէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:
Տվյալ փաստն արձանագրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի հայտարարության մեջ, որը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, և նա խուսափում է քննությունից:
Հայկ Գևորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ», – նշում են հայտարարության հեղինակները:
Նրանք նաև ընդգծում են, որ Հայկ Գևորգյանն այս ընթացքում նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի:
«Գործով քննիչին հայտնվել է նաև Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենայի գտնվելու վայրը և առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:
Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ», – նշված է հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակի» ներկայացուցիչները նաև պարզաբանում են, որ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գևորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր և այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ:
Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (հոդվածը տպագրվել է «ՀԺ»-ի հունվարի 13-ի համարում):
Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գևորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գևորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել», – հայտարարում են «ՀԺ»-ի ներկայացուցիչները:
Հայտարարության մեջ նշված դեպքն ասուլիսի ընթացքում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշել է, որ թերթի թղթակիցը փորձել է զանգահարել ոստիկանություն, և ճշտել այդ օրը Գևորգյանի կողմից իբր վրաերթի ենթարկված մարդու ինքնությունը: Նրան տեղեկացրել են, որ այդ մարդը ծանր վիճակում պառկած է «Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնում:
Այցելելով հիվանդանոց` «ՀԺ»-ի ներկայացուցիչները պարզել են, որ դա Հայկ Գևորգյանի դեպքի հետ որևէ կապ չունի և այդ անունով մարդն ընդհանարպես գտնվում է Մարտունիում:
Դրանից հետո ի հայտ է եկել այն մարդը, որը սադրել է միջադեպը Էկոնոմիկայի նախարարության մոտ հունվարի 13-ին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գևորգյանը ցանկանում էր մեքենան հանել կայանատեղիից, սակայն այդ անձը փորձել է մեքենայի տակ նետվել: Գևորգյանը պահանջել է նրանից հեռանալ և չխանգարել իրեն: Փաշինյանն նշել է, որ Գևորգյանը հավաստիացրել է, որ այդ մարդու հետ իր մեքենան կոնտակտի մեջ չի մտել:
Փաշինյանը տեղեկացրել է, որ իբր տուժածը հայտարարել է, թե մեքենան դիպչել է իր ոտքին, որի վրա «ինքը ջիլ ունի, որ եթե այդ ջիլին մատով էլ կպնեն, ինքը վատանում է»: Այդ մարդու հայտարարության համաձայն, հպման արդյունքում ինքը նստել է բորդյուրին, իսկ նրա գլուխը հարվածել է պատին:
«ՀԺ»-ն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ նման զարգացումները կասկածի տեղ չեն թողնում, որ «Հայկ Գևորգյանի ձերբակալությունը և շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից»:
«Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը (համաձայն հոդվածի այն Գասպարյանին նվիրել է Պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանը – Epress.am)»,- նշված է հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հայտարարության մեջ պահանջել է.
«Հայկ Գևորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի և, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի և լկտի հետապնդում է, որի նպատակը Գևորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:
Վովա Գասպարյանը և իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու և տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր և մեր ընթերցողների իրավունքների»:
Մեկնաբանելով իրավիճակը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման շինծու գործը կազմակերպելիս Վլադիմիր Գասպարյանը, հավանաբար, դեղերի ազդեցության տակ է եղել:
«Տեսնենք դոզան երբ կթողի», -նշել է Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ Գասպարյանը չէր կարող նման գործ սարքել առանց իր շեֆի` Սերժ Սարգսյանի գիտության: