Home / Հայաստան / Հայերը Բաքվում իրենց լավ չէին զգա. ամերիկացի լրագրողը` Եվրատեսիլի մասին

Հայերը Բաքվում իրենց լավ չէին զգա. ամերիկացի լրագրողը` Եվրատեսիլի մասին

Ամերիկյան Global spin կայքի իր բլոգում լրագրող Վիլիամ Լի Ադամսը պատմել է այս տարի Բաքվում կայացած Եվրատեսիլ-2012 երգի մրցույթից ստացած իր տպավորությունների մասին` միաժամանակ անդրադառնալով միջոցառման քաղաքական կողմին:

«Շվեդիայի Լորինը հաղթում է քաղաքականացված Ադրբեջանում» խորագրով իր հոդվածում լրագրողը, մասնավորապես, նշում է, որ նավթի և գազի շնորհիվ տնտեսական վերելք ապրող Ադրբեջանի համար փողը խնդիր չէր, հետևաբար իր միջազգային կերպարը փայլեցնելու և մարդկանց ուշադրությունը երկրում մարդու իրավունքների խնդիրներից շեղելու համար իշխանությունները 67 միլիոն դոլար էին ծախսել` երկու անգամ ավել, քան սովորաբար ծախսում են այլ հյուրընկալող քաղաքներ:

Ադամսը նշում է, որ երկրի հանդեպ քննադատաբար տրամադրվելուն շատերին դրդել է այն փաստը, որ իրենց նվիրած բազմաթիվ գրքույկներում ներկայացված ոչ մի տեղեկատվություն օբյեկտիվ չէր: Ինչպես վկայում է լրագրողը, նախագահի դստեր կողմից խմբագրված 14 էջանոց պամֆլետում մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվում է նաև Ադրբեջանի «բազմակուսակցական ժողովրդեավարությունը» և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ըստ որի «հայ անջատողականները արյունոտ պատերազմ են սկսել, որի արդյունքում օկուպացրել են Ադրբեջանի մեկ հինգերորդ մասը»:

Ադամսն անդրադառնում է նաև Հայաստանի` մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքին` նշելով, որ թեև Ադրբեջանը անվտանգություն էր երաշխավորել, Երևանը որոշել էր այնուամենայնիվ չմեկնել Բաքու, և ինչպես փաստում է լրագրողը, մրցույթի երկրապգուներն ու լրագրողները լքել են Ադրբեջանը` շատ լավ հասկանալով, թե ինչու հայերը կարող էին իրենց անհարմար զգալ այնտեղ:

«Պատերին կախված տարածաշրջանային քարտեզներում նշվում են Ադրբեջանի բոլոր հարևանները` Իրանը և Թուրքիան: Բայց Հայաստանի հատվածում սպիտակ տարածք է թողնված: Իսկ Եվրոակումբը, որտեղ երկրպագուները ողջ գիշեր պարում են Եվրատեսիլի անցյալ և ներկա երգերի ներքո, նույնպես քաղաքականացվել էր: Իշխանություններն արգելել էին DJ-ներին հայկական եվրատեսիլյան երգեր նվագել, որոնք ժամանակին նույնպես շատ հայտնի էին», – մասնավորապես նշում է Ադամսը:

Tekali Taxi