Home / Հայաստան / Կապ ունի՞ Քլինթոնի այցը ընտրությունների հետ, թե միայն Ադրբեջանի և Թուրքիայի. կարծիքներ

Կապ ունի՞ Քլինթոնի այցը ընտրությունների հետ, թե միայն Ադրբեջանի և Թուրքիայի. կարծիքներ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցի ժամանակը շատ կարևոր է. նա եկավ խորհրդարանական ընտրություններից հետո և նախագահական ընտրություններից առաջ: Epress.am-ի հետ զրույցում վերլուծելով պետքարտուղարի այցը` այս մասին ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ Կիրակոսյանի` քանի որ տարածաշրջանի բոլոր երկրներում էլ սպասվում են ընտրություններ, Քլինթոնի այցի նպատակն էր բոլոր երկրներում էլ իշխանություններին հորդորել ավելի թափանցիկ ընտրություններ անցկացնել:

«Անկախ այն բանից, թե որն էր Քլինթոնի կարևորագույն մեսիջը մեր երկրին, դա հաստատ փոխվեց երեկ շփման գծին տեղի ունեցած հարձակմամբ: Պարզ դարձավ, որ տարածաշրջանում կայունության միակ սպառնալիքը Ադրբեջանն է»,- ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով` քանի որ ոչ մեկին հայտնի չէ, թե իրականում ինչ են խոսել Սերժ Սարգսյանը և Հիլարի Քլինթոնը փակ դռների հետևում, ավելին ասել այս պահին հնարավոր չէ:

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, սակայն, ոչ մի կապ չի տեսել Քլինթոնի այցի և ընտրությունների միջև: Ըստ Բադալյանի` սա ԱՄՆ արտաքին քաղաքականության համար կարևոր աշխարհքաղաքական այց էր. Հայաստանի մասով ԱՄՆ-ն հետաքրքրված է միայն հայ-թուրքական սահմանի բացմամբ և Ղարաբաղյան հարցով և որ Հայսատանը նորմալ հարաբերություններ ունենա Իրանի հետ:

«Իսկ նախագահական ընտրությունների մասին խոսել վաղ է: Դրա մասին կարելի է խոսել միայն աշնանը: Նախագահական ընտրությունների հարցում կարևոր են լինելու ոչ այնքան ներքին զարգացումները, այլ Արևմուտքի ու Ռուսատանի  դիրքորոշումը»,- ասել է Բադալյանը` հավելելով, որ դեռ հայտնի չէ, որ թեկնածուին հավանություն կտան արտաքին ուժերը, աչք կփակե՞ն արդյոք ընտրակեղծիքների վրա, թե՞ կբավարարվեն թեկուզ կեղծված ընտրությունները ընդունելով, միայն եթե բախումներ չլինեն:

Ըստ Բադալյանի` Արևմուտքը, հնարավոր է, գոհ է Հայաստանի վարած քաղաքականությունից. Հայաստանի արտաքին առևտրի 50%-ը տեղի է ունենում ԵՄ երկրների հետ, և թվում է, թե Արևմուտքին է ինտեգրվում: Սակայն Պուտինը աշնանը կսկսի լրջորեն զբաղցվել Եվրասիական միությամբ, և Հայաստանը ուշ թե շուտ պետք է ընտրություն անի Եվրամիության և Եվրասիական միության միջև:

Tekali Taxi