2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նախարարը հավատում է, որ Ադրբեջանին ու Վրաստանին թույլ կտան հյուրընկալել ֆուտբոլի առաջնությունը

2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը համատեղ անցկացնելու Ադրբեջանի և Վրաստանի դիմումի քննարկումը պետք է որ հաջող ընթացք ստանա: Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովը:

Նրա խոսքով` վերջին տարիներին Ադրբեջանն իր սպորտի նյութատեխնիկական բազայում մինչև 1,5 մլրդ մանաթ (մոտ 1,9 մլրդ դոլար) է ներդրել:

«Այսօր Բաքվում 80 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ է կառուցվում: Ադրբեջանը սպորտային երկիր է: Ուստի կարծում ենք, որ Ադրբեջանն ի վիճակի է հյուրընկալել եվրոպական և միջազգային մակարդակի մրցաշարը»,-ասել է Ռագիմովը:

Ադրբեջանն իր թեկնածությունն է առաջադրել 2015 թվականի «Եվրոպական օլիմպիական խաղերի» անցկացման համար, նշել է նախարարը: 2016-ին Ադրբեջանում շախմատային օլիմպիադա կանցկացվի, իսկ 2017-ին` Իսլամական համերաշխության խաղերը տեղի կունենան: Հավատացած ենք, որ 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլային մրցաշարի անցկացումը հաջող ընթացք կունենա»,-ասել է Ռագիմովը: