Home / Հայաստան / Հայաստանում նոր ձախեր են հայտնվում, բայց դեռ վտանգավոր չեն. քաղաքագետ

Հայաստանում նոր ձախեր են հայտնվում, բայց դեռ վտանգավոր չեն. քաղաքագետ

Հայաստանում նոր ձախական ուժեր են հայտնվել: Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում նկատվող ակտիվությանը`այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մինչև հիմա Հայաստանում միայն աջ ուժեր էին. բոլորը լիբերալ էին, իսկ սոցիալիզմի գաղափարը միայն կուսակցություններից մեկի անվան մեջ կա: Գործնականում ձախական գաղափարները նույնիսկ չեն քննարկվել:

Սոցիալական ցանցերի շնորհիվ` Հայաստանում  ձևավորում է այն, ինչ Եվրոպայում անվանում են «New Leftists» (նոր ձախեր): Հասկանալի է, որ այդ քաղաքական ակտիվությունն այնքան էլ քաղաքացիական հասարակության ակտիվությունը չէ:  Դա կոնկրետ սոցիալական խումբ է` կազմված մեծ մասամբ երիտասարդներից, որոնք նույն  հասարական շերտից են, նույն կրթական մակարդակն ունեն»,-պարզաբանել է քաղաքագետը:

Ըստ նրա` նոր ձախերի կազմավորումը Հայաստանում դեռ նախնական փուլում է գտնվում, բայց ամեն ինչ սկսվել է դեռ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի և Թեղուտի անտառի համար տարվող պայքարից:

Ինչ վերաբերում է Facebook-ին, ապա Իսկանդարյանն ասել է, որ դա միայն միջոց է, որով արվում է այն, ինչ տասը տարի առաջ արվում էր հեռուստատեսության միջոցով, 30 տարի առաջ` թերթերի միջոցով, իսկ 100 տարի առաջ` թատրոնի:

Իսկանդարյանը նշել է, որ քաղաքացիական պայքարը քաղաքական գաղափարների զարգացման էտապ է, բայց վաղ է ասել, թե այդ շարժումը կարող է արդյոք վերածվել քաղաքական ուժի, թե` ոչ:

Հարցին, թե արդյոք քաղաքացիական շարժումը կարող է վճռորոշ դեր խաղալ 2013թ. նախագահական ընտրություններում, Իսկանդարյանն ասել է, որ մինչ այդ շարժումը դժվար թե դառնա լուրջ քաղաքական ուժ, քանի որ այն սահմանափակ սոցիալական և ժողովրդագրական կազմ ունի:  Բացի դա, այս շարժմանը պետք են կոնկրետ պատճառներ գործելու համար. դրանց սակավություն չկա ու մոտ ապագայում չի լինի, սակայն քաղաքական ուժերը այլ կերպ են աշխատում, ուստի` ընտրությունները նախորդներից չեն տարբերվի, այլ միայն ավելի աղմկոտ կլինեն:

Իսկանդարյանը նկատել է, որ իշխանությունները դեռ հաղթահարում են այդ ակտիվությունը` առանձին դեպքերում զիջումների գնալով, օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի, Մաշտցի այգու հարցում զիջելով, մի պատգամավորի հրաժարականով, որոնք, սակայն, իշխանություններին չեն վտանգում:

«Հարսնաքարի» դեպքերին անդրադառնալով` քաղաքագետն ասել է, որ և իշխանության, և  դեպքից վրդովված պայքարող քաղաքացիների քայլերը սպասելի են, իշխանությունը փորձելու են մարել շարժումը, բայց հաջողության չհասնելու դեպքում, կհանձնվեն:

Tekali Taxi