Home / Տեսանյութեր / Վրաստանի ՆԳՆ-ն նոր կին նախարար ունի

Վրաստանի ՆԳՆ-ն նոր կին նախարար ունի

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքական գործիչը ստանձնել է երկրի Ներքին Գործերի նախարարի պաշտոնը: ՆԳՆ-ի նոր ղեկավար Էկա Զգուլաձեն նախկինում զբաղեցնում էր գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Զգուլաձեին ՆԳՆ-ի ղեկավարությունը հանձնելու որոշում է կայացրել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ գերատեսչության նախկին ղեկավար Բաչո Ախալայայի հրաժարականից հետո:

Զգուլաձեն արդեն իսկ իր առաջին հայտարարությամբ է հանդես եկել՝ երկու խոստում տալով. բանտերում թույլ չտալ բռնության դեպքերն ու 10 օրից երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանգիստ իրավիճակ ապահովել:

«Մենք որոշել ենք, որ պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ կանցնի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նորանշանակ նախարար Գեորգի Թուգուշիի վերահսկողության տակ, որպեսզի այլևս թույլ չտանք բռնությունների դեպքեր բանտերում», – հայտարարել է Զգուլաձեն:

Նա նշել է, որ նախկին ժամանակները երբեք հետ չեն գա:

«Ես ինձ իրավունք եմ վերապահում այդ մասին խոսել, քանի որ 18 տարի առաջ ինքս եմ ոստիկանության բռնության զոհ դարձել: Այդ իսկ պատճառով շատ լավ հասկանում եմ, ինչի մասին եմ խոսում: Վրաստանում բռնության համար տեղ չկա և նախարարությունը կապահովի մեր և մեր երեխաների անվտանգությունը, այդ թվում 10 օրից մեզ սպասվող ընտրությունների ընթացքում: ՆԳՆ-ն քաղաքացիներին երաշխավորում է իրենց ընտրության ազատությունն ու անվտանգությունը»,-հայտարարել է Զգուլաձեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Վրաստանի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարության ղեկավար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական էր տվել Թբիլիսիի Գլդանսկի բանտում կալանավորների հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստի բացահայտման պատճառով: Բացի նրանից Միխեիլ Սահակաշվիլին իրենց պաշտոններից ազատել էր մի շարք նախարարների՝ կառավարությունը վերակազմավորելու և դեպքի կապակցությամբ երկրում ստեղծված լարված իրավիճակը կայունացնելու նպատակով:

Վրաստանի ՆԳՆ-ն երեքշաբթի հաղորդել էր, որ բանտում կալանավորների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտվել: Հետաքննության տվյալներով՝ բանտի մի խումբ աշխատակիցներ «անմարդկային վերաբերմունքի էին արժանացնում բանտարկյալներին և այդ ամենը տեսանկարահանում»:

ՆԳՆ-ն տեսանյութերից մի հատված տեղադրել էր իր պաշտոնական կայքում` ընդգծելով, որ սա այն նյութերի նվազագույն քանակն է, որն ունի հետաքննությունը, քանի որ մնացած կադրերը հանրային դիտման համար անթույլատրելի են: Սակայն երեկոյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր էին ցուցադրել: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: Վերջինս «9-րդ ալիքի» հետ զրույցում հայտարարել էր, որ բանտարկվածներին խոշտանգում էին ՆԳ նախարար Բաչո Ախալայայի հրամանով, այդ մասին տեղյակ է եղել նաև Խաթունա Կալմախելիձեն:

Tekali Taxi