Գլխավոր / Հայաստան / Գարեգին Բ-ի սիրած աշակերտին դատում են թղթադրամների կեղծման ու թմրանյութերի գործով

Գարեգին Բ-ի սիրած աշակերտին դատում են թղթադրամների կեղծման ու թմրանյութերի գործով

Հոկտեմբերի 22-ից Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթանում է թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի դատավարությունը: Թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաև Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե Այրապետյանին:

Ֆրանսիայում Epress.am-ի աղբյուրները հայտնում են, որ դատավարությունն ընթանում  է բավականին թեժ մթնոլորտում, և արդեն երկու օր է՝ ցուցմունք է տալիս Տեր Վաչե քահանան: Այս դատավարությանն անդրադարձել են Ֆրանսիայի մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Նիսում հրատարակվող «Նիս Մատեն» թերթը:

Նշենք, որ խոսքը գնում է ոչ միայն թղթադրամների կեղծման մասին. խմբավորումը զբաղվել է նաև թմրանյութերի փոխադրմամբ և վաճառքով: Իսկ խմբավորման կենտրոնը եղել է եկեղեցու տակ գտնվող Օշական սրահը: Այս հանգամանքը հատկապես առաջացրել է Նիսի հայ համայնքի վրդովմունքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վաչե քահանան Գարեգին Բ կաթողիկոսի ամենասիրելի աշակերտն է ու հոգևոր զավակը. հենց Գարեգին Բ-ն է իրեն ձեռնադրել քահանա և, որպեսզի քահանան չհայտնվի բանտում, Գարեգին Բ-ն նրան տեղափոխել է Ստրասբուրգ:

Հիշեցնենք, որ Տեր Վաչեի շուրջ ծավալված սկանդալից հետո, երբ Նիսի եկեղեցում ընտրվել էր եկեղեցու նոր վարչություն, որը ճանաչել էր նաև Ֆրանսիայի ղեկավարությունը, Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ ինքը վարչությունը չի ճանաչում: Իսկ մինչև եկեղեցու վարչության ընտրություններ եղել են ահաբեկումներ ու ծեծ, որի հետևում դարձյալ կանգնած է եղել Տեր Վաչեն ու ներկայումս դատվող խմբավորման անդամները: