2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱԺ պատգամավորը շարունակում է պայքարել պատմական հուշարձանները մարզեր վերադարձնելու համար

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ կառավարությունից պահանջում է իրենց նախնական պատմական վայրեր վերադարձնել մարզերից Երևան բերված թվով 51 պատմության անշարժ հուշարձանները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանք տեղերում պահպանելու համար: Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Մարուքյանը նշել է, որ այդ հուշարձանների տեղափոխման համար ծախսված գումարը կարելի էր ծախսել դրանք պահելու և ավելի ներկայանալի դարձնելու համար:

Պատգամավորը հիշեցրել է, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին որոշում ՀՀ կառավարությունն ընդունել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ին: Ըստ այդ որոշման, ՀՀ տարբեր մարզերից պետք է տեղափոխվեին պատմության և մշակույթի թվով 63 անշարժ հուշարձաններ:

«Սակայն օրերս մենք տեղեկացանք, որ թվով 51 հուշարձաններ արդեն տեղափոխվել են Երևան: ՀՀ կառավարության նշված որոշումը գիտական շրջանակներում, մասնագիտական խմբերում և քաղաքացիների շրջանում առաջացրել է շատ լուրջ դժգոհություն: Մշակույթի ոլորտի պատասխանատուները պնդում են, որ նախ դրանք հուշարձաններ չեն, այլ բեկորներ են, և երկրորդ՝ պնդում են, որ դրանք տեղափոխվել են վերանորոգման և վերականգնման համար: Օրեր առաջ կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ տեղեկացանք, որ խոսքը բեկորների մասին չի գնում, այլ հուշարձանների, և դրանց վրա որևէ նորոգման բան ես անձամբ չտեսա: Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները», - ասել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ  որոշումը ոչ մի կերպ չի նպաստում «տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը»: Վերոնշյալ կետերը պատգամավորը  մեջբերել է կառավարության ծրագրից: