Home / Հայաստան / «Հեռացնել». զոհված զինվորների ծնողները դժգոհ են քննիչին տված նկատողությունից

«Հեռացնել». զոհված զինվորների ծնողները դժգոհ են քննիչին տված նկատողությունից

ՀՀ Զինվորական դատախազության հատուկ կարևոր գործերով քննիչ Յուրա Բադալյանին նկատողություն տալը չի կարող սփոփանք լինել զոհված զինծառայողների մայրերի համար. դրանից մայրերի վիշտը չի փարատվի: Նկատողություն ստանալը չի արդարացնում նրա արարքը, ու սա շատ չնչին քայլ է այն ամենից հետո, ինչ նա արել է սպանված զինվորների ծնողների նկատմամբ: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է 2010թ. զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Նշենք, որ Բադալյանը նկատողություն է ստացել նոյեմբերի 1-ին տեղի ունեցած  միջադեպի պատճառով, երբ նա վիրավորել էր մայրերին:

«Վերջերս մենք գնացել էինք զինդատախազություն՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանին հանդիպելու համար, սակայն ասացին, որ ինքն այնտեղ չէ: Մեզ ընդունեց Արտակ Հարությունյանը, ով պետք է միջնորդեր, որպեսզի հանդիպեինք զինդատախազին: Ես ու Իրինան (2010 թվականին զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը ­- խմբ.) Հարությունյանին ասացինք՝ «առաջին հերթին, որպեսզի մաքրեք ձեր համակարգը Բադալյանների պես տականքներից, ուրեմն պետք է հենց նույն Բադալյանին աշխատանքից ազատեք»: Ինչպես Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է ասում՝ «ի՞նչ անենք, որ այս համակարգը մաքրենք, ես ամեն ինչ անում եմ դրա համար», ես ել ասում եմ՝ «իրեն պետք է հեռացնեք համակարգից, եթե իր նման տականքները կարող են այսպես վարվել ծնողների հետ: Տիկին Իրինային ասաց՝ «էս պոռնիկին դուրս շպրտես ստեղից» ու նաև հարձակվել էր, որ ինձ հարվածեր, դեռ կողքերից էլ այնպես էին կախվել թևերից, որ իբր հեսա գալու էր ինձ սպաներ, իրենք էլ չէին թողնում: Թող գար խփեր՝ տեսնեի՝ ո՞նց էր խփելու», – ասել է Մուրադյանը:

Նրա խոսքով՝ եթե Բադալյանի նմանները կարողանում են սպանված զինվորի ծնողի վրա ձեռք բարձրացնել, արդեն պարզ է, թե բանակում ինչպես կվարվեն զինվորների հետ:

Մուրադյանը նաև ընդգծել է, որ Արտակ Հարությունյանը ծնողներին պատմել է, որ  ծնողներին հրելու ու վիրավորելու համար Բադալյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

«Ես էլ ասացի՝ «հանկարծ ծառայողական քննություն այնպես չգնա, ոնց որ ժամանակին նախագահական նստավայրի դարպասների մոտ ոստիկանը խլեց տղայիս նկարը ճմրթեց, ծառայողական քննություն սկսվեց: Ինձ այնքան տարան-բերեցին, վերջում էլ ասացին՝ «գիտեք, չի երևում, թե նկարը ոնց է ճմրթվել»: Հիմա էլ ուզում են համոզվել, որ ծառայողական քննություն է գնում, այնինչ մի անգամ մեզ որպես վկաներ, չեն կանչել հարցաքննեն ու ասեն՝ «ի՞նչ եք տեսել դուք այնտեղ, ի՞նչ է կատարվել», – ասել է Մուրադյանը:

Զինվորի մայրը համոզմունք է հայտնել, որ նկատողություն տալը  հերթական կեղծիքն է ու զինդատախազությունը փորձում է ծնողների աչքերին փոշի փչել:

«Սա ես հայտարարում եմ  բոլոր սպանված զինվորների մայրերի անունից ու հայտարարում եմ՝ բավական է ստերով ու կեղծիքներով ժամանակ շահել: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել նեխած համակարգը վերևից ներքև փոխելու համար, մանր-մունր բաներով մեզ չեն համոզի, բավական է», – ասել է Մուրադյանը:

Еpress.am-ը զրուցել է 2010 թվականին զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի հետ, ով նույնպես նշել է, որ Բադալյանին նկատողություն տալը շատ մեղմ է:

«Պատասխանատու եմ բոլոր խոսքերիս համար ու պատրաստ եմ ամեն տեղ կրկնել՝ Յուրա Բադալյանն ու Շոթա Վարդանյանը (դատաբժիշկ – խմբ) ոտքից գլուխ թաթախված են իմ երեխայի արյան մեջ, նրանց նմանները պետք է անհապաղ հեռացվեն համակարգից: Բողոքելու եմ մինչև վերջ, այնքան ժամանակ, մինչև դրանց պես տականքները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Քանի դեռ Բադալյանների պես բորենիները աշխատում են համակարգում,  բանակում մեր երեխեքին հոշոտելու են», – եզրափակել է Ղազարյանը:

Tekali Taxi