հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախագահականի մոտ պահանջել են գտնել «Մատաղիսի» գործով իրական մեղավորներին

Նախագահականի մոտ պահանջել են գտնել «Մատաղիսի» գործով իրական մեղավորներին

Այսօր նախագահական նստավայրի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները դժգոհ էին «Մատաղիսի գործով» ընթացող դատաքննությունից: Ակցիայի մասնակցում էին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, գործով  մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի հարազատները, ինչպես նաև սպանված երկու զինվորների իրավահաջորդները, ում ևս գործի ընթացքը կասկածելի է թվում: Ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեին պաստառներ՝ «Մենք վճռենք եվրոպական դատարանի փոխարեն», «Գտեք իրական մեղավորներին»,  «Մատաղիսի արդարատությամբ կանխենք հետագա անօրինական դատապարտությունները» և նման այլ կոչերով:

Ակցիայի մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:  Նրա խոսքով՝ Մատաղիսի գործով  փորձում են հերթական անգամ տպավորություն ստեղծել, թե գործը բացահայտվել է և մեղավորները պատժվել են: «Իրականում մենք գիտենք, որ գործը չի բացահատվել:  Չբացահայտումն ունի մի քանի նպատակ՝ նախ իրական մեղավորներին չբացահայտել, երկրորդ՝ խոսափել փոխհատուցել անօրինական կալանքի տակ այսքան տարի պահելու համար»,- ասել է Փոստանջյանը:

2012թ. դեկտեմբերի 4-ին դատախազները միջնորդել են և փոխել են մեղադրանքը: Նախիկնում ցմահ ազատազրկում էր սահմանված, իսկ այժմ  մեղադրանքը փոխվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով, որոնք ենթադրում են 7-8  տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ տղաները արդեն կալանքի տակ են 8.5 տարի:

«Նման  կերպ ընթացքը և տղաների ազատ արձակումը չի կարող բավարարել ոչ նրանց, ոչ էլ սպանված տղաների ծնորղներին, քանի որ մեղավորները մնում են ազատության մեջ»,- ասել է Փոստանջյանը:

Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել նախագահի նամակների բաժին: Քաղաքացիները նամակով պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը իր տեսակետը հայտնի Մատաղիսի գործի մասին:

Հիշեցենք, որ  դեկտեմբերի 14-ին տեղի է ունենալու հաջորդ դատական նիստը, որի ընթացքում սպանված տղաներից մեկի՝ Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ներկայացնելու է իր հիմնավորումները գործի անօրինական քննության մասին:  Իսկ  հաջորդ նիստին հրապարակվելու է դատավճիռը:

«Էս էրեխեքը ընդհանրապես մեղավոր չեն, նրանք չեն մասնակցել սպանությանը. երկու զինվոր նրանք չեն սպանել, հնարավոր չէր էդպիսի բան: Սպանողները պրոֆեսիոնալներ են՝ բանակի հրամանատարության ողջ կազմը՝  Իվան Գրիգորյանը, Միշիկ Արզումանյանը, Կիմ Բաղիրյանը, Կառլեն Մայիլյանը, նրանք բոլորն էլ պետք է պատասխան տան տղայիս սպանության համար: Նրանցից ոչ ոք մինչև հիմա չի պատժվել, անմեղներն էլ պատիժ են կրում: Թվարկածներիցս ոչ մեկին չեն մինչ օրս կարողանում բերել դատարան: Կցանկանայի, որ իսկական մեղավորները պատժվեն, անմեղներն ազատվեն, 9 տարի պայքարում ենք արդարության համար», – ասել է Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը: