Home / Հայաստան / Բաքվից՝ Հայրիկյանի դեմ մահափորձի մասին. Սարգսյանի մենաշնորհը և ընտրությունների խափանումը

Բաքվից՝ Հայրիկյանի դեմ մահափորձի մասին. Սարգսյանի մենաշնորհը և ընտրությունների խափանումը

Ինչպե՞ս է ազդելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական զարգացումների վրա ընտրությունների նախաշեմին և ու՞մ է դա ձեռնտու: Epress.am-ի խնդրանքով իրավիճակը մեկնաբանել է ադրբեջանցի քաղաքագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զարդուշտ Ալիզադեն: 1980-ականների վերջին և 90-ականներին նա կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում և անձամբ ճանաչում է Հայրիկյանին:  

Կրիմինալը որպես «ազգային» ավանդույթ

–         Պարույր Հայրիկյանի՝ որպես այլախոհի մասին լսել եմ 1980-ականներին՝ թշնամի ռադիոկայաններից, իսկ անձամբ ծանոթացել եմ 1990-ական թթ. սկզբին, զրույց եմ ունեցել նրա հետ Մոսկվայում, ԽՍՀՄ Դեմկոնգրեսի ետնաբեմում: Բնականաբար, նա թողեց վստահ և համարձակ մարդու տպավորություն, ինչպիսին և կա իրականում: Դրանից հետո ես լսել եմ, որ նա կարճ ժամանակ եղել է գործադիր իշխանությունում: Քաջատեղյակ լինելով, թե որն է Հարավային Կովկասում իշխանության էությունը, ես կարող էի միայն ափսոսալ այդ ազնիվ մարդու նման չմտածված քայլի համար:

Երկար տարիներ անց հաճույք եմ ունեցել շփվել նրա հետ Թբիլիսիում և Տեկալիում՝ «Խորհրդանշական դատ» նախագծի շրջանակներում: Հերթական անգամ համոզվել եմ, որ պարոն Հայրիկյանը արժանի և կիրթ մարդ է: Այնպես որ, մահափորձի մասին լուրը ինձ վշտացրեց  և ևս մեկ անգամ համոզեց, որ կրիմինալ գործողությունների մեթոդները Հարավային Կովկասում հյուսվել են քաղաքական պայքարի «ազգային» ավանդույթների մեջ: Ես զորակցում եմ նրան ու մաղթում շուտափույտ առողջացում: Նրա դեմ մահափորձը ստորություն է և հանցանք, դրանում կասկած չկա:

Սերժիկ Սարգսյանի մենաշնորհը և բարոյական սկզբունքները

–         Պարոն Հայրիկյանի վրա կրակոցները փոփոխություն չեն մտցրել Հայաստանի նախագահի թեկնածուների շարքում ուժերի հարաբերակցության մեջ: Նրա ընրական ռեսուրսներն այնդքան էլ մեծ չեն և ունակ չեն զգալիորեն ազդել ընտրությունների ճակատագրի վրա: Նա չունի ֆինանսական, ադմինիստրատիվ, լրատվական կամ կադրային ռեսուրսներ: Այս ամենը գտնվում է իշխող էլիտայի թեկնածու Սերժիկ Սարգսյանի մենաշնորհում: Ցավոք սրտի, Հարավային Կովկասում գաղափարական, ազնիվ և քաջ մարդու հեղինակությունը այն կապիտալը չէ, որը կարող է հավակնել երկրի ամենաբարձր պաշտոնին: Ինչպես մեզ մոտ սիրում են ասել հայ-ադրբեջանական ռուսերենով, «ճիշտ հակառակը» («совсем наоборот»): Եթե ընտրական զանգվածը քո մեջ ազնվություն ու անկաշառություն է կասկածում, ապա դու նրա աչքերում արժանի չես նախագահի պաշտոնին: Իսկ եթե քո մասին խոսում են որպես մարդու, որն ունակ է անցնել բարոյական սահմանները, այ դա ուրիշ բան…

խափանել ընտրությունները

–         Ո՞մ է դա ձեռնտու: Սա է հիմնական հարցը, որը մեզ կտակել են հին հռոմեացի քաղագետները: Ես միանշանակ կբացառեի կասկածյալների թվից մրցավազքի ֆավորիտ գործող նահագահին: Սա նրան ոչ միայն հարկավոր չէ, այլ ավելորդ խնդիր է ստեղծում: Մյուս թեկնածուներին ևս պետք է բացառել նրանց սակավ ազդեցության պատճառով՝ անգամ սադրանքներ անելու հարցում: Չեմ կարծում, թե տեղին են արտասահմանյան որևէ երկրի հետք փնտրելը, որովհետև Հայաստանում ստեղծված իրավիճակն իդեալական է և ձեռք է տալիս բոլոր ձկնորսներին, որոնք Հարավային Կովկասի պղտոր ջրում ձուկ են որսում:

Իսկ ահա այլ ուժերի մեջ, որոնք իրականում ունեն քաղաքական, ֆինանսական և կադրային ռեսուրսներ, արժե փնտրել: Եթե նրանք այս կամ այն պատճառով մինչ այժմ իրենց հավակնությունները չեն ձևակերպել նախագահի թեկնածուի կարգավիճակի տեսքով, իսկ իրավիճակն ապացուցում է, որ ևս 5 տարի սպասելու ուժ չկա, ապա այս դեպքում հարգված, բայց սակավառեսուրս թեկնածուի դեմ մահափորձը կարող է մտածված սցենարի մաս դառնալ: Ընտրությունները կարող են հետաձգվել առնվազն 2 շաբաթով: Այն ուժերը, որոնք որոշել են խաղի մեջ մտնել, այդ ընթացքում կարող են ավելի ծանրակշիռ և գործող միջոցներ գտնել, որպեսզի խափանեն փետրվարյան ընտրությունները, ստեղծել նոր իրավիճակ և իրենց հավակնությունները հայտնել բարձրագույն պաշտոնին:

Եթե դա այդպես չէ, այս պատմությունը կավարտվի որպես չկայացած մահափորձ, ապա կրակոցների հստակ արդյունքը կլինի պարոն Հայրիկյանի կողմնակիցների ձայների ավելացումը՝ Հայաստանի ռոմանտիկ և կարեկցող ընտրողների հաշվին: Իսկ որքան է նրանց թիվը, ցույց կտա քվեատուփը…

Լուսանկարը` Օնիկ Գրիգորյանի

Tekali Taxi