Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Պետրոսյանը Հադրութի մասին ճիշտ է ասել, պնդում է զոհված զինվորի մայրը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Պետրոսյանը Հադրութի մասին ճիշտ է ասել, պնդում է զոհված զինվորի մայրը

Բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, համամիտ է ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում հնչեցրած հայտարարության հետ: Այս մասին Ղազարյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ հիշեցնելով, որ Պետրոսյանն ասել էր, թե «Հադրութում զոհված 9 զինվորները՝ անցյալ տարի թուրքի կողմից կրակված, ողբերգություն չէ՞ր»:

Զինվորի մայրը կարծիք է հայտնել, որ Շուշան Պետրոսյանի մատնանշած դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ զոհվել է իր որդին:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ինքը գրեթե ամեն օր պնդել է, որ իր երեխայի հետ ևս 8 զինվոր է սպանվել:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում հերքել էր Շուշան Պետրոսյանի խոսքերը՝ հավաստիացնելով, որ բոլոր միջադեպերի մասին ՊՆ-ն հանգամանալից տեղեկություն է տարածում: Նա կարծիք է հայտնել, որ, միգուցե, Շուշան Պետրոսյանը ներկայացրել է ինչ-որ ընդհանրացված թիվ:

Արթուր Ղազարյանի մայրը նշել է, որ իր որդու մարմինը Երևան էին տեղափոխել մերկ վիճակում:

«Մուրացանից ինձ զանգել են ժամը 16:00-ին ու ասել՝ «Ղազարյան Իրինա, եկեք հոսպիտալ, ձեր տղան կոմայի մեջ ա», ու վերջ, հեռախոսն անջատել են: Երբ գնացի հոսպիտալ, Արման Պարգևիչը (Հակոբյան – խմբ.) ինձ ասաց՝ «ձեր տղային բերել են առավոտյան ժամը 12-ին, եթե առավոտյան են բերել, ապա ինչո՞ւ են ինձ 16:00-ին զանգում: Ես ու ամուսինս ժամը 18:00-ի սահմաններում Կոմիտասից Մուրացան ենք հասնում, Պարգևիչը անմիջապես մեզ ասում ա՝ «մի րոպե ձեզ, մի րոպե ինձ՝ մտածելու համար, որպեսզի երեխու գլուխը վիրահատենք»: Բժիշկը նաև ասաց, որ երեխու գլխում՝ ուղեղի երկու կիսագնդերի արանքը ուռուցք է առաջացել՝ 4-ը 4-ի վրա ու պարտադիր պետք է վիրահատեն, դրենաժ դնեն, այլապես ճնշումը բարձրանում ա ու երեխեն կմահանա», — պատմել է զինվորի մայրը:

Վերջինս շեշտել է, որ ինքը անակնկալի եկած՝ այդ պահին չի հասկացել, թե ինչ է կատարվում, և ստիպված է եղել համաձայնել:

«Հետաքրքիր է, եթե իմ երեխին ժամը 12-ին ուղղաթիռով բերել են, ինչո՞ւ են ծնողի մի- մի րոպեին սպասում, այսինքն՝ եթե փրկում էին, պիտի առավոտյան իմ երեխուն փրկելու մասին մտածեին, թողնում են ժամը 4-ին ու հետո ասում, թե մեկ րոպե ժամանակ ունեք՝ մտածելու համար», -պատմել է մայրը:

Արթուրի հոր՝ Սաշա Ղազարյանի պնդմամբ՝ դրա բացատրությունը մեկն է՝ «իրենք կարողացան անջատել ու օգտագործել մեզ»՝  սթրեսի մեջ գտնվող ծնողների ծնողական բնազդի վրա խաղալով:

Մայրն ասել է, որ վիրահատությունը տևել է 1 ժամ 40 րոպե:

«Իբրև թե վիրահատեցին ու, ըստ իրենց, դրենաժը դնելով՝ մաքրեցին ուռուցքը: Երեք օր դիակը պահեցին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, արդեն երկուշաբթի առավոտը մենք բարձրանում էինք վերակենդանացման բաժանմունք, ես մտնում եմ բժիշկների սենյակ, այդ պահին Իրինան գոռում ա՝ «Սաշիկ, հասի»: Մենք սկսեցինք աղաչել՝ թե փրկեք, մի բան արեք, իրենք էլ, թե՝ «ոչ մի բան չենք կարա անենք», — պատմել է Արթուրի հայրը:

«Մուրացանի հոսպիտալից բժիշկ Արման Պարգևիչը մեզ կանչեց ու ասաց՝ «եկեք, տեսեք՝ տղադ ոնց է մարում»: Ես վազքով աստիճաններից  ներքև իջա՝ գոռալով ամուսնուս ասում էի՝ «Սաշո, բժիշկն ասում ա՝ «էրեխեն մարում ա, արի տեսնենք՝ ի՞նչ ենք անում», այդ պահին հոսպիտալի կենտրոնական մուտքի մոտ, որտեղ սառնարանում պահում են մահացած զինվորներին, ծնողները մուտքի մոտ կանգնած ասացին՝ «ինչի՞ց ես խաբար, մեզ էսօր 8 դիակ են տալու»: Այսինքն, Հադրութից բերել էին՝ 8-ն իրենցն էր, մեկը՝ իմը: Ես գոռում էի՝ո՞նց, ի՞նչ, ասացին՝ «եկել ենք դիակների հետևից»», — ասել է զինվորի մայրը:

Epress.am-ի հետ զրույցում հայրը հիշել է, որ այդ պահին մի կին մոտեցել է Իրինային՝ ասելով՝ «ի՞նչ ես ձենդ գլուխդ  գցել, նայի՝ 8 դիակ են հանում, բոլորը որ քո պես գոռան, ո՞ւր կհասնի»:

«Փաստորեն էն պահին, որ հոսպիտալը շրջափակել էին՝ էդ կնոջ ասած 8 դիակներն էին հանում», — ասել է հայրը:

Ծնողները միաբերան պնդել են, որ իրենց որդին մինչ այդ առողջական որևէ խնդիր չի ունեցել:

«Դեկտեմբերի 14-ի իրիկունը, երբ հեռախոսով խոսեցինք Արթուրի հետ, ինքը իր ջոկատի հետ հետախուզական գործողությունն էր կատարել գրաված տարածքներում. եթե տղան հիվանդ լիներ՝ կարա՞ր մի գիշերում 15 կմ տարածք հետախուզեր, հետախույզ տղա էր, առողջ, տարի 6 ամիս ծառայել էր, 1 մետր 80 սմ բոյ ուներ», — ասել է մայրը՝ հավելելով, որ 1,5 ամիս առաջ ինքը այցելել էր որդուն և տղան ոչ մի բողոք չէր ունեցել:

Դեկտեմբերի 15-16-ին ծնողները երեխայից լուր չեն ունեցել, ինչն էլ լուրջ անհանգստության պատճառ է դարձել:

«Մինչ այդ ամեն օր զանգում էր, էդ երկու օրը ամեն տեղ զանգում էինք՝ չկար իմ երեխեն, չէր զանգում: Անգամ այնքան մարդկություն չունեն, որ երեխու հեռախոսի բոլոր համարները  ջնջել էին», — պատմել է մայրը:

Դատաբժիշկը փաստաթղթում նշել, որ «հանգուցյալի գլխի մաշկի տակ, ընդգրկելով վիրահատական վերքերի պռոեկցիաները, առկա է անկանոն ձևի, մուգ և բաց, ու կողմնագագաթնային շրջաններում՝ մուգ կարմրավուն, անհամասեռ ընդհանուր 15,5-9,0 սմ չափսի արյունազեղում»: Մայրը շեշտում է, որ դա ուռուցքի նշան լինել չի կարող, սակայն մինչ օրս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից սկսած պաշտոնյաներն անտեսում են գործը վերանայելու իրենց պահանջները՝ ասելով, թե գործը փակ է ու վերջ:

«Սա ժամանակ շահելու մի ձև էր, էնքան որ մենք էդ պահին չաղմկեինք, այնինչ երեխու բերանը սոսնձած էր, աչքերն էլ արհեստական կերպով բացել էին, իբրև թե կենդանի է: Մեզ չէին թողնում մտնենք վերակենդանացման բաժանմունք, այնպես ստացվեց, որ ես պատահմամբ բժշկի մեջքի հետևից ներս մտա ու երբ տեսա, որ երեխեն լրիվ բաց պառկած ա, բայց սիստեմա էր միացած, մոտեցա, սավանը վերցրի, որ ծածկեմ, բուժքույրն ասաց՝ «իզուր ես ծածկում, ինքը մեկ ա՝ չի մրսում»: Ես նոր եմ հասկանում, որ դա նշանակում էր, թե երեխեն մեկա չի զգում, մահացածա: Կամ կատետրը պետք ա դնեին, չէ՞, որ երեխեն միզի, ոչ մի բան չկար, ոչ մեզանից արյուն ուզեցին, ոչ պլազմա», — ասել է Իրինա Ղազարյանը:

Վերջինս նշել է, որ Շուշան Պետրոսյանի հայտարարությունից հետո ինքը զանգել է ՊՆ ու հիշեցրել, թե այն, ինչը ինքը պնդել է այս տարիների ընթացքում, իր խոսքով հաստատել է Պետրոսյանը:

«Ասացի՝ Արմեն Հարությունյանին ասեք, որ երբ ինձ ասում էր, թե Հադրութում 9-ը զոհ չի եղել, հիմա դա հաստատում է երգչուհի-պատգամավորը: Հարությունյանն ինձ ասում էր՝ «հնարավոր չէ, բերեք ապացուցեք, տեսնեմ»: Հետո էլ զանգում եմ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ու ասում եմ՝ ոնց իմ երեխու ու մնացած 8-ի գործերը կեղծել եք, հիմա պատասխան տվեք: Հովհաննիսյանն էլ, թե՝  «տիկին Իրինա, Շուշան Պետրոսյանը լեզվի սայթաքում է ունեցել ու դրա պատճառով ճիշտ չի ասել: Ես ասացի, որ այդ գործն ինձ էնքան է հետաքրքրել, քանի որ էդ 9-ից մեկն է իմ տղան է եղել, նա էլ, թե՝ «դուք էլի եք ասել, մեզ մոտ 9 զոհ չի եղել: Դուրս ա գալիս, որ մենք Շուշան Պետրոսյանին գումարներ ենք տալիս, ինքն էլ սխալ ինֆորմացիաներ ա տալիս», — նշել է զինվորի մայրը:

Նա նաև կոչ է արել բոլոր այն ծնողներին, ում որդիները 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 20-ը զոհվել են Հադրութում, արձագանքեն և կապվեն իր հետ:

«Ուզում եմ բացահայտել ՊՆ-ի ու ադրբեջանական կողմի մինչ օրս չբացահայտված գաղտնիքը, քանի որ այն արդեն գաղտնիք չէ և Շուշան Պետրոսյանն այս մասին բարձրաձայնել է: Ի դեպ, Հադրութի հրամանատար Մարտին Ջհանգիրյանին, ով շուրջ մեկ տարի կորած էր, վերջերս, երբ զանգել էր, Իրինան սկսեց անիծել, Մարտինն ասաց՝ « դու ինչո՞ւ ես մենակ ինձ անիծում ու մեղադրում քո որդու մահվան մեջ, քո տղուց  բացի էն 8 սպանվածների մասին ինչո՞ւ չեն ասում, լրիվ բարձել են իմ վրա, ազատել են աշխատանքից՝  քուն ու դադար, օր ու գիշեր չունեմ», -ասել է Սաշա Ղազարյանը:

Հայրը հավելել է, թե Հադրութի բնակիչներն էլ հաստատել են, որ նշված դեպքի օրերին դիրքերում միջադեպ է եղել:

«Բոլորն էլ միանշանակ պնդում են, որ տղաս ոչ մի հիվանդություն չի ունեցել ու այդ օրը դիրքերում «մորթոցի ա» եղել, բայց մեր ՊՆ-ն ծածկադփոց արեց ու կոծկեց»,- ասել է Արթուր Ղազարյանի մայրը: