Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում:
Ես նրա հետ ծանոթացել եմ 10 տարի առաջ Հայաստանում, ուր նա մի քանի անգամ այցելել է և շրջել է երկրով այն խաղարարար առաքելությունների հետ, որոնք կազմակերպված չեն եղել ինչ-որ մեկի կարգադրությամբ: Այդ առաքելությունների մասնակիցները մշտական հետապնդումների են ենթարկվում իշխանությունների և դրանց սպասարկողների կողմից:
Չնայած բարդություններին, Սեյմուրն այսօր Ադրբեջանում ամենաճանաչելի գրողներից մեկն է: Նրա շրջապատը հասարակության առաջադեմ հատվածն է: Ցավոք, նրանց անունները հաճախ կարելի է տեսնել խղճի գերիների ցուցակներում և այն մարդկանց թվում, ում ձերբակալում են տարատեսակ բողոքի ակցիաների ժամանակ:
«Եթե հանկարծ պատերազմ սկսվի, կարո՞ղ եմ նրանց սպանել»
– Դու բազմաթիվ անգամ եղել ես հետխորհրդային Հայաստանում: Ի՞նչն է քեզ այստեղ ամենից շատը նյարդայնացնում:
– Այո, որոշակի ժամանակաշրջան եղավ, երբ ես հաճախ էի Հայաստան այցելում, հանդիպում էի տարբեր ոլորտներում աշխատող տարբեր մարդկանց հետ: Եվ ես ինձ շատ վատ էի զգում, երբ հետ էի գնում: Ինչ հայհոյում էին, ճնշում էին, իմ դեմ գրում էին, գոռում էին… Գիտես՝ կան մարդիկ, որոնք ուզում են թեմայի մեջ լինել՝ չունենալով քաղաքացիական դիրքորոշում: Դա շատ հեշտ միջոց է արդիական մնալ և զուգահեռաբար ժողովրդի համակրանքը վայելել է՝ փնովել հայերին և դավաճաններ անվանել նրանց, ովքեր խաղաղություն են ուզում:
Հենց դրանք էլ սկսեցին միաձայն ինձ փնովել: Մեկ անգամ, երբ ես Հայաստանից վերադարձա, Բաքվում մեկ օրվա ընթացքում իմ դեմ երկու մամուլի ասուլիս կազմակերպեցին: Դրանցից մեկում կոչ էին անում Սեյմուրին երկրից վռնդել՝ «թող գնա, ուր ուզում է»: Բայց երբ Ղարաբաղ այցելեցին մեր ռեկտորները, դեսպանը այլ պալատական ինտելեկտուալները, այդ մարդիկ լռում էին, քանի որ գիտեին, որ այդ այցերն իշխանությունների թույլտվությամբ են իրականացվել: Իսկ ես ևս մեկ անգամ համոզվեցի նրանց կեղծավորության մեջ:
Բարդ է, երբ ապրում ես մանր կենցաղային խնդիրներով, և քեզ միևնույն ժամանակ անվանում են ազգի դավաճան: Մյուս կողմից՝ նրանց կարելի է հասկանալ, իրենք ամեն ինչ պատվերով են անում, և նրանց համար իրոք բարդ է հասկանալ, որ կան մարդիկ, որ իսկապես խաղաղություն են ուզում:
Իսկ խոշոր հաշվով ես հոգնել եմ այդ զրույցներից, և սկսել եմ հազվադեպ մասնակցել խաղարարար առաքելություններին, չնայած դրանց օգնությամբ ես տեսա այն, ինչ անհրաժեշտ էր ինձ համար:
Ես ստեղծագործական նոր փուլում եմ: Շատ եմ գրել պատերազմի և խաղաղության մասին, հեղինակել եմ «18,6 սմ» և «Գուգարք» վեպերը: Ես ծանոթացել եմ և շփվել եմ տարբեր մարդկանց հետ, որոնց մինչև հիմա հիշում եմ:
Դեռևս այն ժամանակ իմ առջև հարց էր ծառացել՝ եթե պատերազմ սկսվի, կարո՞ղ եմ նրանց սպանել:
Ես հասակացել եմ, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրներից մեկը հայկական Սփյուռքն է: Թեև ադրբեջանցիները հաճախ հեքիաթներ են պատմում Սփյուռքի մասին, բայց հայ ժողովուրդը դրա գերին է դարձել: Նրանք տարին մեկ անգամ գալիս են Հայաստան, իրենց հանգիստն են անցկանում, լուսանկարվում են, լաց են լինում, ժպտում են, հետո հետ են գնում: Իսկ հասարակ ժողովուրդը շարունակում է իր խնդիրներով ապրել, որոնք խորթ են Սփյուռքին: Սփյուռքահայերն ապրում են նորմալ, քաղաքակիրթ երկրներում, որտեղ նրանք իրավունքներ ունեն: Դա նույնն է, ինչ մենք մի երկու օրով գնում ենք գյուղ, սնվում ենք, լուսանկարվում ենք և վերադառնում ենք: Եվ չգիտենք՝ իրականում ինչ խնդիրներով են ապրում տեղացիները:
Հայաստանում ինձ նյարդայնացնում էր նույնը, ինչ Ադրբեջանում՝ խնջույքների սրահները, մեծ շքեղ ավտոմեքենաները, տխուր դեմքերը, անճաշակ հագուստը և կոսմետիկայից օգտվելու աղջիկների անկարողությունը:
Դենի Դիդրոն է, կարծես, ասել, որ ստրկությունը սահման ունի, որից հետո ստրուկները սկսում եմ սիրել իրենց կապանքները: Ես տեսա, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, մարդիկ սկսել են սիրել իրենց ձեռնաշղթաները: Հայերից շատերը առաջին անգամ էին կենդանի ադրբեջանցի տեսնում, և ես նկատեցի՝ ինչպես է քարոզչությունն ազդում մարդկանց վրա: Խղճուկ տեսք ունեին նրանք: Մենք՝ գլադիատորներս, սպանում ենք միմյանց, իսկ օթյակներում նստածները նայում են մեզ ու հաճույք ստանում:
«Հայ մահմեդականները և ադրբեջանցի քրիստոնյաները»
– Որն է երկու երկրների հասարակությունների տարբերությունները:
– Ես սիրում եմ կրկնել, որ հայերը ադրբեջանցի քրիստոնյաներ են, ադրբեջանցիները՝ հայ մահմեդականներ: Մենք շատ նման ենք միմյանց՝ խոհանոցը, երաժշտությունը, հոգեկերտվածքը:
Գուցե, հենց դրա համար էլ մենք հեշտությամբ միմյանց գողության մեջ են մեղադրում: Այդ ապուշ վեճը մշտապես առկա է՝ դուք գողացել եք մեր մեղեդին, դուք գողացել եք մեր ուտեստը: Երկու կողմերում էլ նման վեճեր վարող մարդկանց պակաս չկա:
Մենք շատ նման ենք, գուցե այդ պատճառով էլ շատ թշնամաբար ենք տրամադրված միմյանց նկատմամբ: Քո նմանների հետ թշնամությունը սովորաբար շատ սուր բնույթ է կրում:
Մի անգամ Եղեգնաձորում էի, այցելել էի երաժշտական փառատոն: Ժողովրդական կատարողները երգում էին, պարում էին, խաղում էին: Հայերեն չգիտեմ, բայց փառատոնը վարողին լիարժեք հասկանում էի, քնաի որ նրա ոճը, դեմքի արտահայտությունը, շարժուձևն ինձ շատ ծանոթ էին: Նա արտասանում էր, իսկ ես իմ թիկնապահին պատմում էին, որ այդ բանաստեղծությունները հայրենիքի, բնության մասին, որն աշխարհում նմանը չունի: Զարմացած թիկնապահը հարցնում էր՝ որտեղից իմացա… Այդ մասին ես գրել եմ «18,6 սմ» վեպում: Ես տեսնում էի, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, մի խումբ մարդիկ ապրում են արաբական շեյխերի նման, իսկ մնացածը հազիվ օրահացի փող են գտնում:
«Ծերուկ Անարին գիտեն նաև Հայաստանում»
– Պե՞տք է արդյոք գրողը, արվեստագետը քաղաքական դիրքորոշում ունենա և արտահայտի այդ դիրքորոշումը:
– Իհարկե: Երբ հրդեհ է բռնկվել, պոետը չպետք է բանաստեղծություններ կարդա: Նա պարտավոր է հանգցնել հրդեհը: Մենք հարյուրավոր պոետներ և գրողներ ունենք, որոնք գրում են սիրո, բնության, պատմության, թիթեռնիկների մասին, որոնք խոսում են Կաֆկայի և Ֆոլքների մասին, քննակում Տարկովսկու ֆիլմերը: Բայց նրանք չեն նկատում այն, ինչ իրենց քթի տակ է տեղի ունենում, չեն ցանկանում դա տեսնել: Նրանք ձեռքերով փակել են աչքերը, որպեսզի չտեսնեն մարդկանց և չլսեն նրանց բղավոցը: Ես հիշում է Պազոլինիի «Սոդոմի 120 օրը». նրանք խոսում են արվեստից, արտիստիկ ձևով սիգարներ են ծխում, բայց չեն ցանկանում իմանալ իրենց ժողովրդի կյանքի մասին:
Մեզ մոտ գրողները բաժանվում են 3 տեսակի: Առաջին տեսակը՝ դա պաշտոնյա գրողներ են: Նրանք աշխատում են մամուլի քարտուղարներ տարբեր նախարարություններում, գլխավոր խմբագրեր են, վարչապետի տեղակալ:
Վերջինս, օգտագործելով ծառայողական դիրքը, իր անտաղանդ պիեսներով գրավել է ադրբեջանական թատրոնը: Օրինակ, եթե որևէ թատրոն որոշել է փառատոնի մասնակցել, նրանք պետք է ներկայացնեն փոխվարչապետի պիեսները: Դրանք ամենուր են. հեռուստատեսությունում, թատրոնում, յուրաքանչյուր հոբելյանական երեկոյին: Նրանք սեփականաշնորհել են ոչ միայն թատորնն ու հեռուստատեսությունը, բայցև դասագրքերը՝ թույլ չտալով, որպեսզի այլ գրականություն ներկայացված լինի:
Մեզ մոտ մի ծերուկ կա՝ Անար անունով (Հայաստանում նրան գիտեն): Նա արդեն 24 տարի է նստած է Գրողների միության նախագահի աթոռին: Նա սեփական թերթեր և ամսագրեր ունի, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից: Գրասենյակ Բաքվի կենտրոնում: Ծերուկն իր մոտ տպում է նրանց, ում կցանկանա: Բնական է՝ այդ մարդկանց առջև իր պահանջներն է դնում՝ պետք է գովես իրեն, մեծ գրող անվանես, ոչ միայն իրեն, այլ նաև նրա գրող հորը:
Ինչու եմ ես մանրամասն խոսում նրա մասին: Ցանկանում եմ ասել, որ նրանք, ովքեր խորհրդային ժամանակներում կային, կան և հիմա: Հայաստանում էլ նմանները կան: Նրանք մի բան էին ասում, հիմա՝ հակառակը, աթեիստ էին, հիմա հավատցյալ են դարձել:
Այդ Անարի հայրը գործ տվող էր. նա գործ էր տվել իմ սիրած պոետներից մեկի վրա: Վերջինիս աքսորել են, և նա մահացել է Սիբիրում: Պատկերացրեք, Անարի հայրը նման քայլի է դիմել, իսկ մի քանի տարի առաջ, երբ այդ պոետի մասին ֆիլմ նկարահանեցին, սցենարի հեղինակն էր ծերուկ Անարը:
Դա ոչ մեկին չես բացատրի. ժողովուրդը նրանց սիրում է, ընդդիմադիր առաջնորդները նույնպես: Ասում են, որ, գուցե, այդ գրողները չունեն քաղաքացիական դիրքորոշում, բայց նրանք լավ գրողներ են: Ժողովուրդը մտածում է, որ նրանք այլախոհներ են եղել, և ոչ մեկին չես բացատրի, թե ինչպես են այդ այլախոհները ստացել տարատեսակ խորհրդային շքանշաններ, հանգստացել են Յալթայում, Յեսենտուկիում, Կիսլովոդսկում: Այդ գրողների որդիներն աշխատում են դատախազությունում, ոսիկանությունում, մաքսային մարմիններում:
Գրողների երկրորդ տեսակը կազմում են նրանք, ովքեր լավ են խաղում ստեղծագործ մարդու դերը: Նրանք, այսպես ասած, պոետներ են… խոսում են մուսայից, ստեղծագործական գործընթացից: Իրականում դրանք բիզնեսմեններ են ու խաբեբաներ: Օրինակ, նրանցից մեկը վերջերս ռեստորանում իր ծնդդյան տարեդարձն էր նշում, հրավիրել էր 250 մարդ: Այնտեղ էին մենաշնորհների տերեր, դատախազներ, պաշտոնական անձինք: Ինքը՝ պոետը, բիզնեսով է զբաղվում, շինանյութ է վաճառում, զուգահեռաբար գրում է հոգու մասին, խոսում է Աստծո հետ… Ծննդյան առթիվ կազմակերպված տոնախմբությունը մեկնարկեց պոետի մասին ֆիլմի ցուցադրությամբ. նա միայնակ է, խոսում է ծառի հետ, զրուցում է գետի հետ, նստած է անապատում և մտածում է… Բայց նաև 250 մարդ էր հրավիրել: Ժողովուրդը նմաններին սիրում է: Ասում են՝ այդպիսին պետք է լինի պոետը:
Երրորդ տեսակը՝ ուղղակի թամադաներ են, անգրագետ և ագրարային տիպի մարդիկ:
Երբ լրագրողը նրանցից մեկին հարցրել է՝ արդյոք կարդացել է «Հարյուր տարվա մենությունը» վեպը, նա պատասխանել է. «Չեմ կարդացել, բայց ինձ դրա մասին ասել են»:
Կան նաև իմ նմանները: Բայց ես արդեն ասել եմ, որ ժողովուրդը մեզ ընկալում է որպես փողոցային, անկիրթ տղաների, ովքեր հայհոյանքներ են գրում՝ ցանկանալով դրանով ուշադրություն գրավել: Հենց այդպես…
հարցազրույցի երկրորդ մասը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 11-ին:
Զրուցեց Յուրի Մանվելյանը