Մշակույթի նախկին նախարարը Թումանյանին և Թամանյանին շփոթե՞լ է
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 6-րդ տեղը զբաղեցնող ՀՀ մշակույթի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Թամարա Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը գրում է, որ Աջափնյակում ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Պողոսյանը մի քանի անգամ ասել է՝ «Թումանյանական Երևան», «Թումանյանական նախագիծ», «Թումանյանական ճարտարապետություն»՝ գրող Հովհաննես Թումանյանին շփոթելով ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ:
Թերթի տեղեկություններով՝ այդուհետ ԲՀԿ-ում արգելել են Թամարա Պողոսյանին ելույթ ունենալ առանց նախապես համաձայնեցված տեքստի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պողոսյանը հավաստիացրել է, որ նման բան չկա:
«Ամեն ինչին չափ կա, պետք է հերյուրանքը և զրպարտությունն էլ չափ ունենան: Ես դատապարտում եմ քարոզարշավի նկատմամբ նման վերաբերմունքը», - ասել է Պողոսյանը:
Թերթը հիշեցնում է, որ Պողոսյանը 2003-2004 թվականներին մշակույթի նախարար եղած ժամանակ չէր ճանաչել հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին և խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ: