Home / Հայաստան / Ապրիլի 9-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ում երկու քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 9-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ում երկու քրեական գործ է հարուցվել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման՝ ինքը ապրիլի 9-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգություն» կուսակցության երթի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ու ստացել մարմնական վնասվածքներ:

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի երկրորդ գումարտակի ոստիկան Արմեն Դանիելյանի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով: Ըստ այդմ՝ ապրիլի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայից դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քայլերթի մասնակից քաղաքացիների կողմից բռնություն է գործադրվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Լուսանկարը՝ Shamshyan.com

Tekali Taxi