Home / Հայաստան / Ռուսաստանցի փորձագետին Երևանում ապշեցրել են «կախարդ» ընտրակեղծարարները

Ռուսաստանցի փորձագետին Երևանում ապշեցրել են «կախարդ» ընտրակեղծարարները

Ռուսաստանյան «Գոլոս» ասոցիացիայի նախագծերի համակարգող Ռոման Ուդոտը իր բլոգում հերթական անգամ կիսվել է ընտրությունների ժամանակ գրանցված «տխուր գյուտերով և փայլուն հնարքներով»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գոլոսի» փորձագետ Անդրեյ Բուզինը ապացուցել էր, որ 2013թ. Հայաստանի նախագահի ընտրությունները կեղծված են:

Այս անգամ Ուդոտը գրել է.

«Ես արդեն գրել եմ Հայաստանում կայացած ընտրությունների վերլուծության մասին: Այժմ ճակատագիրն ինձ հասցրել է Երևան, որտեղ մենք մեր գործընկերների հետ կիսվել ենք տխուր գյուտերով և փայլուն հնարքներով:

Լենա Նազարյանը (հասարակական ակտիվիստ – խմբ.) ինձ ցույց է տվել 17.2 ընտրատեղամասում արված այ այսպիսի նկար (1-ին լուսանկար): Սա 2013 թվականի Հայաստանի նախագահի ընտրությունների ընտրատուփի հատակն է (այնտեղ քվեարկում են ծրարի մեջ դրված քվեաթերթիկների միջոցով): Երևում են ծրարների հսկայական տրցակներ, որոնք դրվել են ընտրակեղծարարների կողմից: Թերևս, հայաստանցի կախարդների (ռուսաստանցի փորձագետն օգտագործում է հենց հայերեն «կախարդ» բառը – խմբ.) կախարդանքը ռուսաստանցիներից էլ ուժեղ է: Չգիտեմ անգամ՝ ինչպես դա անվանել: «Լցոնումները» սրա համեմատ մանկական խաղեր են: Գուցե «խցկումնե՞ր»: Հիրավի՝ «Ընտրակեղծիքների անցկացման ժամանակ որևէ քվեարկության դեպք չի գրանցվել»:

Եթե այդ ընտրատեղամասը գտնել Սոբյանին-Սուխովոլսկու գրաֆիկում, ահա թե ինչ է ստացվում.

Կարող եք չկասկածել, որ «Սարգսյանի գիսաստղի պոչը» նույն քրեական բնույթն ունի: Իսկ առանց դրա, ինչպես տեսնում եք, նա հաղթել չի կարող, քանի որ սկզբնական, չխեղաթյուրված գոտիներում Հովհաննիսյանի «ամպն» ավելի բարձր է: Հետևաբար, նրա օգտին ձայներն ավելի շատ են:

Երևանում ես ցույց եմ տվել նաև ռուսաստանյան ընտրությունների վիճակագրական վերլուծությունը: Օրինակ, լուսանկարում տեղամասային ընտրական հանձնաժողովների բաշխումն է՝ ըստ մասնակցության: Ձախ կողմից՝ 2013թ. Հայաստանի նախագահի ընտրություններն են, աջ կողմում՝ 2008թ. Ռուսաստանի նախագահի ընտրությունները:

Այնպես որ, կարող եք կասկածի տակ չդնել մեր… եհ… նախկին նախագահի լեգիտիմության աստիճանը»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 37 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանը՝ 58, սակայն, հաշվի առնելով ընտրակեղծիքները, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչել պաշտոնական արդյունքները, իրեն հաղթող է ճանաչել ու գլխավորել է ընդդիմությունը:

Tekali Taxi