«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել, որը վերաբերում է Երևանի քաղաքապետ, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի եկամուտներին:
Հանցագործության մասին հաղորդումն այսօր լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Երևանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս նշել է, որ Տարոն Մարգարյանը միլիոնավոր դրամների հասնող ունեցվածք է հայտարարագրել, ինչը կասկածելի է, քանի որ քաղաքապետը բուհն ավարտելուց հետո աշխատել է պետական համակարգում:
Այսօր Զուրաբյանը նշել է, որ ՀՀԿ-ականներն իրենց խնդրել էին փաստեր ներկայացնել, և այժմ ՀԱԿ-ը հենց դա է անում՝ լսելով ՀՀԿ անդամների կոչերը: Զուրաբյանն ընդգծել է, որ ներկա ապացույցներն անհերքելի են և մեղադրել է Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու մեջ:
Հաղորդման մեջ ՀԱԿ-ը, մասնավորապես, նշում է, որ 2005 թվականին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 դրամ:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, կրկին ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար։ Բացի դա, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձևերով:
«Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։
Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։
2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաև Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 և 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։
2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երևում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաև` կրկնապատկել իր անշարժ գույքը։
Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։ Ավանի թաղապետին են պատկանում նաեւ Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առեւտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։ Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս՝ Մարգարյանը նշել է նաև, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք չունի և այլն։ Մի խոսքով՝ Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի», – նշված է դատախազություն ուղարկված հաղորդման մեջ։
ՀԱԿ-ը նաև անդրադարձել է 2013 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրին՝ ընդգծելով, որ Երևանի գործող քաղաքապետը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը:
«Այն է` 115 մլն. դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո, 50 տոկոս բաժնեմաս «Զեթ ընդ Զեթ» ընկերությունում, բնակարաններ Երևանում՝ Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ. մետր, Թումանյան փողոց՝ 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երևանում, Առևտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երևանում՝ Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, շենք և շինություն Ավանում, Չարենցի թաղամաս՝ 44ք/մ, թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, հողամաս Դիլիջանում՝ Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, ևս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, «Ռեյնջ Ռովեր» 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաև ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատաումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տասը միլիոն դոլարը», – նշում է Կոնգրեսը:
ՀԱԿ-ը հավելում է նաև, որ Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարագրում առկա է Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս, Արմավիրում` վաթսուն հեկտար այգի, Պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, «Միլենա» տաքսի ծառայություն, Ավան Առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երևանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ:
Հանցագործության կատարման մասին հաղորդման հեղինակներն ընդգծում են, որ, ըստ այլ աղբյուրների, սա ամբողջական գույքը, ունեցվածքը և եկամտի աղբյուրները չեն, որոնք հայտարարագրվել են Տարոն Մարգարյանի կողմից:
ՀԱԿ-ը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը» հոդվածով:
Հաղորդման հեղինակները խնդրում են պատկան մարմիններին պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների («ատկատների» և այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման հետ:
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ Տարոն Մարգարյանի օրոք երևանում տեղադրված նստարանները 3 անգամ ավելի թանկ են ներկայացվել, քան դրանց ինքնարժեքն է: Նույնը նաև վերաբերում է երևանյան դալանների նկարազարդման համար ծախսված գումարներին:
ՀԱԿ փոխնախագահը դա պետական բյուջեի վատնում է որակել: