Home / Հայաստան / Ստալինիզմը և աշխարհից կտրված մտավորականները. «Անուշ» օպերայի շուրջ աղմուկի մասին

Ստալինիզմը և աշխարհից կտրված մտավորականները. «Անուշ» օպերայի շուրջ աղմուկի մասին

Օրերս Հայաստանում կայացած «Անուշ» օպերայի նոր բեմադրությունից դժգոհ մարդիկ, ովքեր այդ մասին նախագահին նամակ են գրում և հորդորում «խստագույնս պատժել մեր գոհարներից սրբագույնի հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին», իրականում ելնում են սրբազան արվեստի պատկերացումներից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը:

«Սրբազան արվեստի համաձայն՝ եկեղեցական, սրբազան մշակույթը ծառայում է իշխանության վերարտադրմանը, ուստի պետք է լինի կրկնվող ու անփոփոխ», – նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նման բանը աշխարհում եվրոպական Վերածնունդից ի վեր չի համարվում արվեստ, սակայն այն, որ Հայաստանում նման պատկերացումներ դեռ կան, պայմանավորված է մասամբ նրանով, որ հայկական արվեստը չի մասնակցել այդ Վերածննդին և չի ստացել այն պատվաստը, որ արվեստը ոչ թե անփոփոխ մի բան է, այլ հարցեր պետք է բարձրացնի:

«Այդ արվեստը արվեստի հետ կապ չունի: Դրա նպատակն է իշխանություն հաստատել մշակույթի ոլորտում: Իսկ եթե մի խումբ ստանձնում է մշակութային իշխանությունը, նա ունենում է ամենակայուն իշխանությունը»,- ասել է Նեդոլյանը:

Թատերագետի խոսքով՝ այսպես կոչված մտավորականների նամակը, ըստ էության,  վկայությունն է նաև այն բանի, որ եկեղեցին փորձում է վերականգնել իր աշխարհիկ իշխանությունը:

«Երկրորդ պատճառն այն է, որ մեր երկրում եղել է ստալինիզմ, որը վերադարձրեց  միջնադարյան կանոնը: Ձևավորվեց մարդկանց մի քրմական խումբ, որը գիտեր՝ ինչպես հետևել, որպեսզի այդ եկեղեցական սրբազան կանոնները պահպանվեն և պահպանվի այսպես կոչված ազգային մշակույթը»,- ասել է Նեդոլյանը:

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը, թեև բեմադությունը չի տեսել, մտավորականների նամակը աբսուրդ է որակել:

«Չեմ պատկերացնում՝ ինչ պետք է եղած լիներ, որպեսզի մեծ հարց կարելի լիներ սարքել դրանից: Ուղղակի իրենց ձեռք է տալիս արվեստը անփոփոխ բան թողնելը, քանի որ իրենք չունեն ստեղծագործական միտք նոր բան անելու: Եվ այնքան են կտրված աշխարհից, որ չգիտեն, որ չփոխվող արվեստը անհույս հնացած բան է»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հեղինակները, որոնց թվում են վաստակավոր և ժողովրդական արտիստներ, դժգոհում են «անընդունելի բեմադրությունից»՝ նշելով, որ այն զուրկ է սյուժետային հենքից և կերպարներից:

«Դիտելով 1ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական մի լիբրետոյի հեղինակ է,  իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով  հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչ-որ մեկն էլ Թումանյանի գրածը փոխել ու ինքն է գրել: Օպերային արվեստում կարևոր տեղ է գրավում կերպարը: Մինչդեռ ավեդիկյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից: Բացակայում է սյուժետային հենքը: Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Նորամուծություններից» է  շվիի, դուդուկի և դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտության: Ժամանակակից բեմադրությունն ակնկալում է ձևավորման, հագուստների, բայց ոչ  հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը։ Արմեն Տիգրանյանն իր մահկանացուն կնքել է 1950 թվականին` կատարելության հասցնելով  օպերան բոլոր առումներով: Օպերայի հանճարեղ նախերգանքը կատարում են երկու-երեք գործիքներ` միևնույն մեղեդին խղճուկ ունիսոն  (ինչպես ողջ ներկայացումը) նվագելով:  Լացե՞ս, թե՞ խնդաս:Այո, այդ երեկո Տիգրանյանին ու Թումանյանին  սպանեցին` համակարծիք էինք շատերս: Սա ոչ մի դեպքում չի կարելի  ներկայացնել իբրև  հայ օպերային արվեստ: Իսկ արտասահմանում այն ներկայացնելն ուղղակի հայ մշակույթը պապուասական մակարդակի իջեցնել կնշանակի», – մասնավորապես, նշել են նամակի հեղինակները:

Նամակը ստորագրել են ԽՍՀՄ ժողովրդական  արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ ժողովրդական Ժենյա Ավետիսյանը, Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական  արտիստ Հրաչյա Աշուղյանը, կոմպոզիտոր, ռեժիսոր Հենրիկ Անասյանը, դիրիժոր Արա Պետրոսյանը, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը, արվեստաբան, գրաքննադատ Ռոբերտ Դավթյանը, Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը,  Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Հասմիկ Ստեփանյանը:

Tekali Taxi