Գլխավոր / Հայաստան / ՓՀԷԿ կառուցողը փորձել է համոզել Մարցի գյուղացիներին. նրանք տեղի չեն տվել

ՓՀԷԿ կառուցողը փորձել է համոզել Մարցի գյուղացիներին. նրանք տեղի չեն տվել

Մարց գյուղում փոքր ՀԷԿ կառուցող «Մարցէներջի» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Սիմոնյանը երեկ այցելել է գյուղ՝ հանդիպելու բնակիչներին և քննարկելու ՓՀԷԿ-ի կառուցման հարցը: Մարցի բնակիչ Պարգևը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Սիմոնյանը փորձել է գյուղացիներին համոզել, որ ՀԷԿ-ի կառուցումը բխում է իրենց շահերից: «Ասում էր, որ աշխատատեղեր կլինեն, խոստանում էր, որ ամառվա երեք ամիսներին ՓՀԷԿ-ը չի աշխատացնի, իսկ  երբ այն գործի, ջրի 30%-ը կթողնի գյուղատնտեսության համար: Նաև խոստանում էր, որ գյուղն էլեկտրականությամբ ապահովելու հարցը կլուծի»,- պատմնել է Պարգևը:

Նրա  խոսքով՝ գյուղացիներն ասել են, որ որևէ առաջարկ չեն ուզում լսել և կտրականապես  դեմ են ՓՀԷԿ-ին: Թեև Սիմոնյանը խոստացել է հետ կանգնել ՀԷԿ կառուցելու գաղափարից, գյուղացիները նրան չեն հավատացել:

«Մենք չենք կարծում, որ այդպես հեշտ հարցը լուծվելու է: Կարծում ենք՝ նա էլի է գալու հանդիպման, սակայն մենք մեր որոշումը չենք փոխելու, դա հաստատ է»,- ասել է Մարցի բնակիչը:

Հիշեցնենք, որ Մարցում մեկ հանրային լսում է անցկացվել, որի մասին գյուղացիները տեղեկացել են լսումներից հետո միայն: Նրանք դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, որովհետև այն ոչ միայն կվտանգի գետի գոյությունը, այլև կխլի ոռոգման ջուրը: Մայիսի 5-ին գյուղացիները իրենց բողոքը արտահայտել էին՝ ձորը նետելով «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները:

Լուսանկարը՝ ԷկոԼուր-ի