2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Նախախորհրդարանը» քննարկելու է Հայաստանի ձևավորման ճանապարհային քարտեզը

«Նախախորհրդարան» միավորումը մայիսի 31-ին, ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանդիպում է անցկացնելու՝ Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով: Այս մասին ասված է միավորման տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Նախախորհրդարանի»՝ Ազատության հրապարակում մայիսի 17-ին հրավիրած հանրահավաքին շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ իրենք մտադիր են 2 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, հանդիպումներ անցկացնել Ազատության հրապարակում, որոնց ժամանակ քննարկվելու է «Ճանապարհային քարտեզը» և որոնց ընթացքում իրենք լսելու են ժողովրդի առաջարկները:

«Նախախորհրդարանը» ներկայացրել է շարժման ծրագիրը.

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


ՆՈՐԳԱՂՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ


ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ


 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


 


Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում

Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն

Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում

Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում

Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում

 ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Նպատակը՝

Հայաստանում նորգաղութային կեղեքման գործիքի վերածված պետական կառավարման համակարգի մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ձևավորելու և լեգիտիմացնելու միջոցով վարչախմբի անցնցում կերպով հեռացում և նոր որակի պետության ձևավորում

 

Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում

Նախախորհրդարանի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրի գաղթօջախներում Համահայկական շարժման  տեղական համակարգող մարմինների ցանցային համակարգի (այսուհետև` Շարժում) ձևավորում և կառավարում հետևյալ հիմնական նպատակներով.


  • զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման նախապատրաստում,

  • Շարժման վերածում անհաղթահարելի ուժի` նրա կազմակերպվածության, կայունության, ինքնաբավության, նպատակասլացության և այլ հատկանիշների շնորհիվ:


 

Քայլ 2..  Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն

2.1. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով զուգահեռաբար գործող հետևյալ կառավարման մարմինների ձևավորում.


  • Սահմանադրական արդարության ատյան (անցումային արդարադատության սկզբունքների հաշվառմամբ),

  • Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով,

  • Հիմնադիր խորհրդարան,

  • Անցումային կառավարություն:


2.2. Հիմնադիր խորհրդարանի գումարում[1] և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում` Հայաստանում նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի ընդունում:

2.3. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:

Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում

Բաց հանրաքվեի տարբերակով Հիմնադիր խորհրդարանի և առնվազն 835.514 քաղաքացիների[2] միջև նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:

 

Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում

Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.

4.1. Սցենար 1. Վարչախումբը հեռանում է մինչև 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը.


  • Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,

  • Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,

  • Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:


4.2. Սցենար 2. Վարչախումբը շարունակում է պետական կառավարումը 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումից հետո.

  • Լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում Շարժման անհաղթահարելի ուժի գործադրման միջոցով,

  • Գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,

  • Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:


 

Քայլ 5.Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում

(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)

12.   Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:

 


[1] Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանը լուծարվում է, իսկ Շարժման կառավարումն ստանձնում է Հիմնադիր խորհրդարանը:


[2] Պաշտոնական տվյալներով մասնակիցների առավելագույն քանակ արձանագրած համապետական ընտրությունների (2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ, 1.671.027 մասնակից) մասնակիցների 50%+1 թիվն է: