Home / Հայաստան / Մարիխուանան հաշտեցրել է ավանդապաշտ վրացիներին և հոմոֆոբիայի դեմ պայքարողներին

Մարիխուանան հաշտեցրել է ավանդապաշտ վրացիներին և հոմոֆոբիայի դեմ պայքարողներին

Կիրակի օրը Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ակցիա են անցկացրել քաղաքի կենտրոնում՝ պահանջելով օրինականացնել մարիխուանան: Ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների կարծիքով՝ թմրախոտի օգտագործումը չպետք է համարվի քրեական հանցանք:

Ակցիայի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել, փոքր թվով ոստիկաններ պարզապես շրջում էին մասնակիցների շարքերում:

Ակցիան անցկացվել է թբիլիսյան ակցիաների համար սովորական դարձած վայրում՝ Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի նախկին  շենքի դիմաց, որտեղ բոլորովին վերջերս հավաքվել էին հազարավոր հավատացյալներ՝ փորձելով ուժով ցրել հոմոֆոբիայի դեմ պայքարողների ակցիան: Ինչպես նշում է «Էխո Կավկազա» պարբերականը, թմրախոտի պաշտպանների վրա ոչ ոք չէր պատրաստվում հարձակվել, ավելին՝ ակցիայի մասնակիցների մեջ կարելի էր տեսնել ինչպես վերջերս հոմոֆոբիայի դեմ պայքարողներին, այնպես էլ վրացական ավանդույթների կողմնակիցների:

Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ մարիխուանայի հանդեպ սերը միավորում է հասարակության բոլոր շերտերին: Եվ իսկապես, այստես կարելի էր տեսնել ամենատարբեր մարդկանց՝ հյուսած մազերով նույնասեռականներից մինչև գարեջուրը ձեռքներին՝ «թաղի տղերքի», նշում է պարբերականը:

Nucaucasus.com-ը, իր հերթին, հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից շատերը եկել էին կանաչ գույնի հագուստով՝ նման կերպ «իրենց վերաբերմունքը արտահայտելով այդ թեթև թմրանյութի հանդեպ»:

Ակցիայի կազմակերպիչ Դավիթ Սուբելիանիի խոսքով՝ ակցիայի մասնակիցները սխալ են համարում այն, որ Վրաստանում մարիխուանա օգտագործելը քրեական հանցանք է համարվում: «Անձնական օգտագործման նպատակով մի փոքր մարիխուանա ունեցող մարդը կարող է հայտնվել բանտում մինչև 11 տարի ժամանակով»,- հայտարարել է Սուբելիանին:

Նա տեղեկացրել է, որ արդեն ստեղծվել է օրինագծի վրա աշխատող կառավարական խումբ, և ակցիայի կազմակերպիչները կցանկանային մասնակցել օրինագծի մշակման ընթացքին:

Սուբելիանին համարում է, որ մարիխուանայի օգտագործման վերաբերյալ սահմանափակումները պետք է վերանայվեն և համաձայնեցվեն:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել օրինագծի մշակման ընթացքին և հայտարարել են, որ չեն դադարեցնի ակցիաները մինչև իրենց պահանջները կատարվեն: Ակցիայի ավարտին մասնակիցները թղթե ինքնաթիռներ են բաց թողել երկինք, այնուհետև մաքրել են խորհրդարանի դիմաց տարածքը:

Այս տարվա մայիսի սկզբին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և հասարակական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեյենկոն հանտնել էր, որ որոշ դեպքերում  արգելքների կիրառումը կարող է հակառակ հետևանքների բերել: Սերգեյենկոյի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ուսումնասիրում է մարիխուանայի հնարավոր օրինականացման հարցը:

«Թմրանյութերի ոլորտում մեխանիկական արգելքների արդյունքում հաճախ գործում է անդրադարձի էֆեկտը, այսինքն՝ այլ ուղղությունների զարգացում և այլն: Սա այն թեմաներից է, ուր հարկավոր է մտածված ռազմավարություն, որի մի մասն է հանդիսանում մարիխուանայի օրինականացումը»,- ասել էր Սերգեյենկոն:

«Սակայն այն, որ այս հարցը հիմա քննարկվում է, չի նշանակում՝ մի հիանալի օր կարթնանանք և մարիխուանան կվաճառվի սումերպարկետներում:  Իհարկե, դա այդպես չէ, և քննարկումները պետք է շարունակվեն»,- նշել էր նախարարը:

Ըստ Վրաստանի օրենսդրության՝ անձնական օգտագործման նպատակով թմրանյութի ապօրինի  արտադրությունը և պահպանումը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ:

Tekali Taxi