Home / Հայաստան / «Հայաստանում օլիգարխներն իրենց թույլ չեն տվել նման բան ուզել». պատգամավորներն ուզում են տեսնել Ռուբեն Վարդանյանի ծրագիրը

«Հայաստանում օլիգարխներն իրենց թույլ չեն տվել նման բան ուզել». պատգամավորներն ուզում են տեսնել Ռուբեն Վարդանյանի ծրագիրը

Խոշոր ներդրումներ անելու դեպքում, ՀՀ կառավարությունը միշտ էլ պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:

«Մենք կունենանք տարածաշրջանում նմանը չունեցող միջազգային դպրոց, ավարտական փաստաթղթերը կունենան միջազգային ճանաչում, Սփյուռքի և Հայաստանի լավ սովորող ուսանողները կունենան կրթաթոշակներ: Ներդրումային ծրագրով նաև 60-70 միլիոն դոլարի ներդրումներ կարվեն տարածաշրջանում, 5-6 տարում կմեծանա զբոսաշրջիկների թիվը: 100 հոգի կաշխատեն զուտ համալիրում»,- ասել Սաֆարյանը:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրն է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը (լուսանկարում՝ երկրորդը՝ աջից): Հիմնադիրը նախատեսում է դպրոցը բացել 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ասել է, որ ինքը դեմ է նախագծին այն պատճառով, որ դպրոցի հիմնադիրները Հայաստանից 80 միլիոն դոլարի արտոնություն են ուզում, մինչդեռ նույնիսկ ծրագիր չունեն:

«Էսքան ասում ենք՝ օլիգարխ-օլիգարխ, բայց Հայաստանում որևէ օլիգարխ թույլ չի տվել իրեն նման բան ուզի պետությունից, ձև կա աշխատելու, թող գան լոբբինգ անեն, ծրագիր ներկայացնեն», – ասել է Բագրատյանը:  

Օրենքի նախագծում փողերի լվացման ռիսկեր է տեսել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արամ Մանուկյանը:

«Ոչ մեկը դեմ չէ ներդրումներին: Ուղղակի մեզ հիմա ծրագիր ներկայացրեք: Ներկայացված չեն կրթական ծրագրի չափանիշները: Թող կրթական պռոյեկտը բերեն, հաստատենք և հավանություն տանք», – ասել է Արամ Մանուկյանը:

Լուսանկարը՝ President.am

Tekali Taxi