2012 թվականի Կառավարության ներկայացրած բյուջեի կատարողականը, որտեղ պետք է զետեղված լիներ հաշվետու ժամանակահատվածում երկրում կատարվածի մասին ամբողջական տեղեկատվություն, իրականում փաստաթուղթ է աննախաադեպ հաջողությունների շարքի մասին:
Բյուջեի կատարողականի մասին ԱԺ-ում հնչեցրած իր ելույթում նման կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու դրան:
Պատգամավորը կասկածի տակ է դրել կատարողականում ներկայացված 7 տոկոսանոց տնտեսական աճը՝ նշելով, որ դա բյուջեի կատարողականի «ծաղիկն» է:
Փաշինյանը մեջբերել է կատարողականից մի հատված, համաձայն որի Տրանսպորտի և կապի նախարարության կողմից ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ-ն, որը պետք է զբաղվի Հայաստանի համար սեփական արբանյակ ստեղծելով: Ըստ կատարողականի՝ Հայաստանը, այսպիսով, արդարացիորեն ընտրվել է ՄԱԿ-ի «Բաց տիեզերքի օգտագոծման» կոմիտեի անդամ:
Պատգամավորը հիշեցրել է, որ առաջին հայ տիեզերագնացի հարցը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեռևս 2011-ին է լուծել, և աշխարհը հասկացել է, որ ի դեմս Հայաստանի մրցակից ունի տիեզերքի նվաճման ոլորտում:
Փաշինյանի խոսքով՝ բյուջեի կատարողականից նման զավեշտալի մեջբերումներ շատ կարելի է անել, մինչդեռ դրանում խոսք չկա ծնելիության նվազման, զբոսաշրջիկների թվի պակասելու, ինքնասպանությունների և դրանց փորձերի աճի, արտագաղթած աշակերտների թվի մասին:
Պատգամավորը նշել է, որ 2012-ի ընթացքում հայեցակարգեր են ընդունվել, ձևավորվել են վարչապետին կից խորհուրդներ, որոնցից մեկը ուղղված է ադամանդագործության զարգացմանը, որտեղ շրջանառվում է ինչ-որ Աշոտ Սուքիասյանի անուն, ով հայտնի է միայն արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին «Բենթլի» նվիրելով:
«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ գործ ունի Նավասարդ Կճոյանը ադամանդագործության զարգացման համար ստեղծված կառավարական խորհրդում։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Կճոյանի և Սարգսյանի հաշվի վրա է նստել 10 մլն դոլար, և այդ գումարները փոշիացել են։ Ես հարց տվեցի՝ Դավիթ Սարգսյանն այնպիսի մի պատասխան տվեց, անկեղծ ասած, սրտներիցս մի քար ընկավ։ Դավիթ Սարգսյանն ասեց՝ դրանք հերյուրանք են, հավատում ենք, բա, իհարկե, հավատում ենք, նման պրակտիկա ունենք: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգասյանն էլ ասեց, որ գազի գնի թանգացումները հերյուրանքներ են, երկու ամիս հետո բոլորս համոզվեցինք, որ հերյուրանք են: Ասում էինք, որ այդ մարդը չի կարող Սյունիքի մարզպետ լինել, ասում էին՝ հերյուրանք է, ասում էինք, որ Ներսես Նազարյանը գեներալի պագոնների տակ բիզնես է անում, ասում էին՝ հերյուրանք է, համոզեցիք։ Ասում էինք՝ ՊԵԿ-ը Գագիկ Խաչատրյանի բիզնեսի տանիք է, պարզվեց, որ Խաչատրյանը բիզնես չունի, պարզվեց՝ բիզնեսներ ունեն իր ընտանիքի անդամները:
Ես դեմ եմ քվեարկելու բյուջեի կատարողաիակին, որովհետև, ի դժբախտություն ոմանց, կարողանում եմ տարբերակել հերյուրանքն իրականությունից»,- ասել է Փաշինյանը: