Home / Հայաստան / «Երկրորդական օղակ» Սեդրակյանը կապ ունի Հայրիկյանի մահափորձի հետ, պնդում է տուժող կողմը

«Երկրորդական օղակ» Սեդրակյանը կապ ունի Հայրիկյանի մահափորձի հետ, պնդում է տուժող կողմը

Պարույր Հայրիկյանի վրա իրականացրած մահափորձի գործով զբաղվող տուժող կողմի ներկայացուցիչները չեն հավատում, թե Վարդան Սեդրակյանը գործի հետ կապ չունի, պնդում են, որ նա էլ պատվիրատուներ ունի:

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական քննությունն ավելի է ամրապնդում Հայրիկյանի  կողմից հնչեցված կասկածն իր սպանության պատվիրատուի մասին, այն է՝ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը «երկրորդ օղակն է», ոչ թե պատվիրատուն: Անդրադառնալով գործի դատական քննությանը և դրա  մասին մամուլի հրապարակումներին՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պարույր Հայրիկյանի ընկեր, իրավաբան Կարո Եղնուկյանը:

«Նախաընտրական շրջանում երկու թեկնածու կային, ովքեր կոչ էին անում մարդկանց հաղթահարել վախը. դա Պարույր Հայրիկյանն էր և Րաֆֆի Հովհաննիսյանը: Նորից վախը մտցնելու համար պետք է վախի դեմ քարոզողներից մեկը պատժվեր: Չգիտեմ՝ ինչու  ընտրությունը կանգնեց Պարույր Հայրիկյանի վրա»,- ասել է Եղնուկյանը:

Եղնուկյանի խոսքով՝ քանի որ Վարդան Սեդրակյանը  երկրորդական օղակ է և ակնհայտ է, որ քաղաքական հիմքեր չուներ Հայրիկյանին սպանելու, պարզ է դառում, որ  նա գումարի շահագրգռվածություն է ունեցել: Եղնուկյանի կարծիքով՝ անտրամաբանական էր, որ դատարանը երեկ մերժել է Հայրիկյանի միջնորդությունը՝ բացահայտել, թե ինչու է Վարդան Սեդրակյանը 2012 թվականի վերջին 100 000 դոլար գումար փոխանցում ստացել ԱԱԾ-ի երկու նախկին աշխատակիցներից:

Ասուլիսին ներկա Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը  նշել է, որ գործը այնպես են «ձևել», որ կասկածի տակ է առնվել անգամ այն, որ հանցագործի գնդակը  մտել է Հայրիկյանի կուրծքը, և եղել են հրապարակումներ այն մասին, թե իբր դատաբժիշկը ասել է, որ Հայրկյանի  մարմնի վրա հրազենային վնասվածք  չի եղել:  Բաղդասարյանի խոսքով՝ դատաբժիշկն ընդամենը ասել էր, որ ինքը Հայրիկյանին տեսել է վիարհատությունից հետո, երբ վնասվածքը վիրակապված էր, ուստի նա չի տեսել գնդակի վնասած տեղը:

Եղնուկյանը նշել է, որ ոչ ոք երբեք չի էլ ասել, թե երկրորդ գնդակը դիպել է Հայիկյանի մարմնին, ուստի «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի կողմից այդ մասին իբր ապացույցներ ներկայացնելն անիմաստ է: 

Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանի և Սամվել Հարությունյանի՝ նախաքննական ցուցմունքներին հակասող դատական ցուցմունքներին, Եղնուկյանի խոսքով ՝ քիչ հավանական է, որ դրանցից նախաքննական է սուտ, այն է՝ թե Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ, քանի որ երկու ամբաստանյալներն հարցվել են 9 անգամ և գրեթե բոլոր դեպքերում նույն բաներն էին ասել: 

Tekali Taxi