Home / Հայաստան / ՀՀ ոստիկանության շենքի դիմաց բողոքեցին խոշտանգումների դեմ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ՀՀ ոստիկանության շենքի դիմաց բողոքեցին խոշտանգումների դեմ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Հայաստանի ուժային մարմիններում, մասնավորապես, ոստիկանությունում մարդկանց խոշտանգում են, պնդում են բողոքի ակցիա կազմակերպած ակտիվիստները: Նրանք նշում են, որ Հայաստանում օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ոստիկանության, դատախազության, Վճռաբեկ դատարանի, դատական դեպարտամենտի և Արդարդատության նախարարության մոտ՝ պահանջելով վերջ տալ ուժային մարմիններում իրականացվող խոշտանգումներին:

Ակցիայի մասնակիցները պետական գերատեսչություններին նամակ են հանձնել, որում, բարձրաձայնելով խնդիրը, առաջարկներ են արել իրավիճակը փոխելու համար:

Ակցիան անցկացվում էր հունիսի 26-ին՝ ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցման միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիայի մասնակցիները պահել են «Հանցագործությունը հանցագործությամբ մի բացահայտեք», «Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ», «Խոշտանգման զոհերը դեռ սպասում են արդարադատության» գրառումներով պաստառներ, ինչպես նաև ուժային մարմիններում խոշտանգումներից տուժած մի քանի դեպքերի, օրինակ՝ Վահան Խալաֆյանի, Լևոն Գուլյանի մասին գրառումներ:

Ակտիվիստներն առաջինը այցելել են Ոստիկանության գլխավոր շենք, սակայն այնտեղ իրենց թույլ չեն տվել ակցիա անցկացնել: Կենտրոնի ոստիականապետի տեղակալ Վարդան Գևորգյանն ասել է, որ ակցիան չի կարող անցկացվել ոստիկանության շենքի մոտ, քանի որ այն «ռեժիմային օբյեկտ է»:

Ակցիայի մասնակիցները ընդդիմացել են, խնդրելով հղում անել այն օրենքին, որով արգելվում է 15 հոգու խաղաղ ակցիան որևէ շենքի մոտ: Ի պատասխան՝ ոստիկանը հորդորել է դիմել Ոստիկանության լրատվական վարչություն:

Ակցիայի մասնակիցները պաստառները բացեցին շենքի դիմացի մայթին, որից հետո առաջարկներով նամակը հանձնեցին ոստիկանությանը: 

Ակցիայի նախաձեռնողներից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ խոշտանգումների պատճառներից է նաև օրենսդրական բացը: ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգման սահմանումը (հոդված 119) չի համապատասխանում ՄԱԿ-ի ՝ խոշտանգումների մասին կոնվենցիայի սահմանմանը:

Ըստ միջազգային կազմակերպության սահմանման՝ խոշտանգում համարվում է պաշտոնատար անձի կողմից խոստովանություն կամ տեղեկատվություն կորզելու նպատակով անձին ֆիզիկական կամ հոգեկան խորը ցավ պատճառելը, մինչդեռ  տեղական օրենքը պարունակում է միայն վերջին մասը՝  ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելը: Այդ  պատճառով, ըստ Ալեքսանյանի, խոշտանգման հոդվածով դատվում են հարսներին ծեծած կանայք, իսկ իրական խոշտանգում կատարածները դատվում են այլ՝ պաշտոնի չարաշահման մասին քրեական հոդվածով (օրինակ, Կենտրոնի ոստիկանությունում ձերբակալվածին ծեծելու համար երկու օպեր լիազորների մեղադրանք է առաջադրվել ոչ թե խոշտանգման, այլ պաշտոնի չարաշահման հոդվածով):

Ալեքսանյանի խոսքով՝ հիմնականում  խոշտանգումներ կատարվում են ոստիկանության բաժիններում. մարդկանց առանց ծանուցման բերման են ենթարկում, թույլատրելիից երկար ժամանակ են պահում, խոշտանգում, ստանում ինքնախոստովանական ցուցմունք և դրա հիման վրա էլ գործ հարուցում, իսկ հետագայում խոշտանգման փաստը ապացուցելը  բարդ է լինում: 

Tekali Taxi