Home / Հայաստան / Ռուսաստանը նպաստում է Ադրբեջանի ռազմականացմանը. Հայաստանին առաջարկում են դիրքորոշում ցուցաբերել

Ռուսաստանը նպաստում է Ադրբեջանի ռազմականացմանը. Հայաստանին առաջարկում են դիրքորոշում ցուցաբերել

Հայաստանյան կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ:

«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցությունը մտահոգված է ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ:

Այսօր տարածած հայտարարության մեջ ԱԴ-ն նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին՝ դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ և պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:

«Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը և ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել սպառազինությունը և ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաև նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը և միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ելնելով նշվածից՝ ԱԴ-ն Ռուսաստանի քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից և կոչ է անում ՀՀ իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել և դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:

Կուսակցությունը նաև միջազգային հանրության, և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում հարցի վրա և ակնկալում պատշաճ արձագանք:

Լուսանկարը՝ yetri.am

Tekali Taxi