Կիպրոսում հնարավոր չէ որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ խոսելով «օֆշորային սկանդալի» մասին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է․ «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»:
Ճշգրտող հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:
Կիպրոսի դատախազը նշել է, որ ինքը խնդրի առնչությամբ այսօր խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
«Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև իմ մեկնելը և ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել», – ասել է Կլերիդեսը:
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալը ծագել էր hetq.am-ի հրապարակումից հետո, որում նշված էր, թե Կիպրոսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով գրանցված ընկերություն կա: Վարչապետը և արքեպիսկոպոսը հերքել են իրենց առնչությունը ընկերությանը, իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքն ընկերությունը գրանցել է առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության: