Home / Հայաստան / «Թշվառ վիճակին ավելացել է թշնամանքը». Ինչպես են բաժանել գյուղացիների գումարները

«Թշվառ վիճակին ավելացել է թշնամանքը». Ինչպես են բաժանել գյուղացիների գումարները

Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած մի շարք համայնքներում բնակիչները չգիտեն՝ ինչպես իրացնեն եղած բերքը: 

Կարկուտից վնասված ծիրանի մթերում իրականացնող «Նոյան» գործարանի տարածքում հարյուրավոր մեքենաներ հերթի են սպասում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մրգաշատ գյուղի բնակիչ Բարունակ Ղուկասյանը:

«Գործարանը շատ դանդաղ է աշխատում: Հենա, ախպերս երրորդ օրն ա՝  հերթի մեջ կանգնած ա, նոր զանգել եմ, ասում ա՝ «հլը ես 65-րդ մեքենան եմ»: Մինչև հերթը հասնի, կասեն՝ «բերքը թթվել ա, տար թափի»: Իմ ու ախպորս 10 տոննա ծիրանի բերքից դեռ ոչ մի կիլոգրամ չենք մթերել. ծիրանը որ հասնում ա, պիտի ընկնի, հիմա էլ լավ քամի ա, Աստված եմ կանչում, գնամ, տենամ լրիվ թափել ա, էլ չմտածեմ էդ մասին»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ իրենց համայնքում եղած ծիրանն էլ ամբողջությամբ վնասվել է կարկուտից ու կորցրել ապրանքային տեսքը:

«Ոչ շուկայի բան ա, ոչ մի բանի պետք չէ, հիմա էլ դրել են, կապիկություն են անում՝ իբր մթերում են: Արտաշատցին իրա ծիրանը 600-700 դրամով ֆուռերին ա տվել, հիմա իրա մնացած ատխոդը էլի բարձելա գռուզավիկները ու բերել ա ստեղ», – պատմել է Ղուկասյանը:

Վերջինս շեշտել է, թե կարկուտի հետևանքով  փչացրել է ոչ միայն բերքը, այլև  գյուղացիների փոխհարաբերությունները՝ մարդկանց  թշվառ վիճակին ավելացել են խռովություններն ու թշնամանքը:

«Վարչապետի ու նախագահի մարակադակով մեզ խաբում են, խեղճ գյուղապետն ի՞նչ անի: Օգնություն ասելով սաղ գյուղին խառնեցին, մեկին մյուսի հետ թշնամացրին, գյուղապետարանն էլ հեղինակազրկվեց ու դարձավ անշնորհք կառույց: Անունը կա՝ ամանում չկա: Ոչ մի բան էլ չեն տվել, խոսում էին  50 հազար դրամի մասին, դա էլ չկա, հետո դիզվառելիքի, պարզվեց, ոչ դա ոչ  թե վառելիք էր, այլ պեչտոպ էր, ասում են՝ էնքան ահավոր հոտ էր գալիս, որ դրանով վառարանն էլ չէիր վառի, դրա համար ինչ-որ գյուղապետեր գնացել էին, ասել էին՝ պետք չէ, հրաժարվել-եկել էին», – պատմել է մեր զրուցակիցը:

Ղուկասյանն ասել է, որ գյուղացին դժգոհելու համարձակություն էլ չունի, քանի որ, անցած անգամվա փորձից ելնելով, ոչ ոք չի համարձակվում դուրս գալ ու բողոքել՝ ընդդիմախոսներին ոստիկանները միանգամից լռեցնում են:

«Մեր ոստիկանությունն էս պարագայում էնքան օպերատիվ աշխատեց՝ չեք էլ կարող պատկերացնել: Էսօր սոված մարդուն վախեցնելը էնքան հեշտ ա, բոլորին մասնատեցին, կառավարությունն էլ հանգիստ ձեռքները հետ քաշեց: Ամեն գյուղի մի բան են խաբում,գյուղացին էնքան հիասթափված ա, բերք ունեցողն էլ, չունեցողն էլ զզված են ամեն ինչից: Ասենք թե 3 տոննա ծիրան ունի, բայց մեքենա չունի, որ էդ ամբողջը տանի մթերման ու ջհանդամը, թե 3 սուտկա հերթ չի կանգնի: Մեքենա պիտի բարձի, ամենաքիչը օրը 15 հազար պիտի տա մեքենային, որ 3 օր էլ կանգնի, էլ ստացածը ի՞նչ ա  լինելու: Ասեք՝ իմաստ ունի՞ էդքանն անել», -եզրափակել է Ղուկասյանը:

Հայկավան համայնքի բնակիչ Հովհաննես Հակոբյանն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել է, թե՝«ծիրան կա, սակայն գնորդ չկա»:

«Ո՞վ կվերցնի էդ վնասված միրգը՝ ոչ գործարանը կընդունի, ոչ էլ անհատը կտանի: Ասում են, թե  «Նոյանը» մթերում ա, բայց ոչ մեր գյուղերինը: Ուրիշ գյուղերից լավ ապրանքը տալիս են «Սպայկային», մնացորդները «Նոյանն» ա ընդունում: Երեկվանից էլ ուժեղ քամիա, սաղ միրգը լցվելա ծառի տակ, աչքներիս ոչ մի բան չի գալիս», – պատմել  մեր զրուցակիցը:

Հակոբյանը խոսել է նաև կառավարության կողմից հատկացված 50 հազարական նպաստների մասին, ընդգծելով, թե դրանք այս դեպքում էլ ակնհայտ անհավասար պայմաններում են բաժանվել՝ առանց ժողովրդի կարծիքն հաշվի առնելու:

«Գյուղապետն ու ավագանինները իրենց ծանոթ-բարեկամներին են գրել, ով դրսում աշխատող ու ստաբիլ գումար ունի: Կարկուտից տուժածներին տվել, կարիքավորներին չեն տվել, տվել են ապահովներին ու սրանով բոլորին հանել են իրար դեմ», – նշել է մեր զրուցակիցը:

Նա վստահեցրել է, որ կառավարությունը  ամեն ջանք գործադրել է՝ տուժած գյուղացիներին պառակտելու ու վերջնական կերպով կոտրելու հարցում:

«Վառելիքը տվեցին, բայց ոչ մի մեխանիզատոր էլ չի լցնի իրա տրակտորը, տեխնիկան փչացնի, որովհետև չգիտես՝ ի՞նչ մնացորդ ա, բերել-կապել են ժողովրդի ջանին: Ոչ վառելիքի գույն ունի, ոչ հոտ, խոսակցություններ կան, որ  մեզ համար նախատեսված նորմալ վառելիքը տարել-լցրել են կալոնկեքը, մեզ էլ ավելցուկներով են խաբում: Սերմացուներին էլ ոնց որ ողորմություն տային՝ մի-մի չայի գդալ սերմ: Ոչ մի գյուղապետ ու մարզպետ չեն եկել ասեն, թե ընդունենք՝ էս գործարանը 30 կամ 10 դրամով մթերում ա, տարեք հանձնեք, ոչ մեկի պետքն էլ չէ, մի քանի օրից էլ սաղ եղածը կնեխի կեթա», – եզրափակել է Հակոբյանը:

Tekali Taxi