Home / Հայաստան / Որոնք են Հայաստանի ամենակոռումպացված կառույցները. հարցում

Որոնք են Հայաստանի ամենակոռումպացված կառույցները. հարցում

Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, քաղաքացիների ավելի մեծ տոկոսն է հավատում, որ երկրի պետական հաստատությունները կոռումպացված են:

Այս մասին են վկայում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր հարցման արդյունքները, որոնք այսօր ներկայացրել է հայաստանյան «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարուժան Հոկտանյանը:

Հայաստանցիներն ամենակոռումպացվածն են համարում դատական համակարգը, ոստիկանությունը և առողջապահական հիմնարկները: Հայաստանում 1-5 սանդղակով (1-ը ցույց է տալիս կոռուպցիայի բացակայությունը, 5-ը՝ կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը) 4 միավոր է տրվել դատական համակարգին, առողջապահական հիմնարկներին, 3.9՝ ոստիկանությանը: Մինչդեռ Վրաստանում և Ադրեբջանում այդ ոլորտներում ցուցանիշները տատանվում են 2.5-ից մինչև 3.4: Հոկտանյանի խոսքով՝ սա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Ադրբեջանում, օրինակ, մարդիկ ավելի շատ են վախենում խոսել կոռուպցիայի մասին:

ՀԿ-ի նախագահը նշել է, որ հայաստանյան հարցումները հետևյալ մտահոգությունների տեղիք են տալիս. հանրությունն ամենակոռումպացվածը համարում է այն հաստատությունները, որոնց գործառույթը պետք է լինի պայքարը կոռուպցիայի դեմ: Երկրորդ՝ ի տարբերություն համաշխարհային հարցման 107 երկրների միջինացված արդյունքի, որի համաձայն կոռուպցիայի դեմ պատրաստ է պայքարել հարցվածների 90%-ը, Հայաստանի հարցվողների 43%-ն է պատրաստակամություն հայտնել դա անել (այս ցուցանիշով Հայաստանը ռեկորդ է սահմանել՝ զբաղեցնելով 107 երկրների շարքում վերջին տեղը):

Եվս մի ցուցանիշ, որը մտահոգության առիթ է հանդիսանում, այն է, որ հայաստանցիների միայն 33%-ն է ասել, որ կաշառք տալու ականատես լինելու դեպքում կհայտնի այդ մասին: Ընդ որում՝ Հայաստանը ռեկորդակիր է նաև կաշառքի մասին հայտնելն անօգուտ համարելու տեսանկյունից: Այս ցուցանիշները, ըստ Հոկտանյանի, պայմանավորված են անտարբերությամբ և վախի մթնոլորտով:

Հայաստանցիները նաև բավական հուսահատ պատասխաններ են տվել կոռուպցիայի մակարդակի փոփոխությանը վերաբերող հարցերին:Նրանց 54%-ն ասել է, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում ավելացել է, 53%-ը կարծում է, որ ներկա իշխանությունները ոչ արդյունավետ են պայքարում կոռուպցիայի դեմ (վրացիների և ադրբեջանցիների միայն 16%-ն է նույնն ասել իրենց իշխանությունների մասին):

Ի դեպ, իշխանությունների ջանքերի անկեղծությանը նախորդ տարիներին ավելի շատ մարդ էր հավատում. այս տարի լավատես են եղել հարցվածների 21%-ը, անցյալ տարի՝ 27%-ը: Հայաստանցիներն ամենաքիչ կոռումպացվածը համարում են ՀԿ-ները և կրոնական կազմակերպությունները: 

Հայաստանյան հարցմանը մասնակցել է 1.068 մարդ, հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ հարցազրույց: 

Tekali Taxi