Home / Հայաստան / Ադրբեջանից հայ լինելը գործակալ Սնոուդեն լինելուց վատ է

Ադրբեջանից հայ լինելը գործակալ Սնոուդեն լինելուց վատ է

Ամերիկացի հետախույզ Էդվարդ Սնոուդենի խնդիրները սրեցին ուշադրությունը «քաղաքացիություն չունեցող անձանց» հարցի հանդեպ, Լոս Անջելեսից The Washington Post-ի համար իր հոդվածում գրում է Միխայիլ Սեբաստիանը:

Նախ Սեբաստիանը պարզաբանում է՝ Սնոուդենը քաղաքացիությունից զրկված չէ, և աշխարհում գոյություն ունեն ավելի սարսափելի իրավիճակներ: «ԱՄՆ-ում ապրում են հազարավոր առանց քաղաքացիության մարդիկ: Նրանք թակարդի մեջ են»,- գրում է հեղինակը՝ Կոնգրեսին կոչ անելով լուծել խնդիրը:

«Ես ծագումով հայ եմ: Ծնողներս Լեռնային Ղարաբաղից են՝ վիճելի տարածք Ադրբեջանում: Ես ծնվել եմ Ադրբեջանում 1973 թվականին, երբ այն ԽՍՀՄ մաս էր կազմում: ԽՍՀՄ-ի փլուզման պահին իմ ընտանիքը գտնվում էր Թուրքմենստանում: Ոչ ոք ինձ քաղաքացիություն չէր տալիս: Քանի որ ես հայկական ծագում ունեի, Ադրբեջանը հայտարարեց, որ ես ադրբեջանցի չեմ: Հայաստանը հայտարարեց, որ ես համոզիչ չապացուցեցի, որ իմ տեղը Հայաստանում է:  Ավելի քան երեք տարվա խտրականություններից, հալածանքներից և վախերից հետո ես կարողացա 1995 թվականին ԱՄՆ-ի վիզա ստանալ: Բայց 1996 թվականին ապաստանի մասին իմ դիմումը մերժեցին և հրամայեցին լքել երկիրը»,- գրում է հեղինակը:

Սեբաստիանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր լքել երկիրը, բայց չկարողացավ նոր անձնագիր ստանալ. «ԽՍՀՄ-ը, որտեղ ինձ անձնագիր էին տվել, այլևս գոյություն չուներ, և ոչ մի երկիր ինձ որպես իր քաղաքացի չէր ճանաչում»:

2002 թվականին ամերիկյան իշխանությունները ձերբակալեցին Սեբաստիանին, բայց չգտան որևէ երկիր, որը պատրաստ էր նրան ընդունել: Արդյունքում նա աշխատանքի թույլտվություն ստացավ, բայց այդ փաստաթուղթը անհրաժեշտ է ամեն տարի թարմացնել: Նա դիմում է տարբեր երկրների իշխանություններին, բայց ոչ ոք չի ցանկանում նրան ընդունել: «Ես ամբողջ աշխարհում գնալու տեղ չունեմ»,- եզրափակում է Սեբաստիանը:

ՄԱԿ-ի գնահատականով՝ աշխարհում 12 միլիոն մարդ ապրում է առանց քաղաքացիության: «Ոչ մի երկիր մեզ չի պաշտպանում, մենք չենք կարողանում սահմանը հատելու համար փաստաթղթեր ստանալ»,- դժգոհում է հոդվածի հեղինակը: Նա ԱՄՆ-ին կոչ է անում օրինակ վերցնել ԵՄ-ից, ուր առկա են «քաղաքացիություն չունեցող անձանց» խնդրի լուծման մեխանիզմներ:

ԶԼՄ-ներին գաղտնի տեղեկություններ տրամադրելու պատճառով՝ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ում ձերբակալություն է սպառնում: Հիմա նա գտնվում է չեզոք գոտում և ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ: Նրա կողմնակիցները շարունակում են հոգեբանական ճնշում գործադրել նրա գլխավոր հակառակորդների՝ ԱՄՆ-ի իշխանությունների վրա: 

Tekali Taxi