Home / Հայաստան / Վարչապետից դժգոհ են. ազատամարտիկն ասել է՝ որ պայմանով կդադարեցնի հացադուլը

Վարչապետից դժգոհ են. ազատամարտիկն ասել է՝ որ պայմանով կդադարեցնի հացադուլը

Երեկ կառավարության շենքում կայացած հանդիպման ժամանակ ազատամարտիկներին հուսադրող ոչինչ չեն ասել: Նրանցից մեկը՝ Խաչիկ Ավետիսյանը, ասել է, թե որ պայմանով կդադարեցնի հացադուլը:

Հուլիսի 13-ից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը կդադարեցնի հացադուլը հուլիսի 28-ին՝ ժամը 18.00-ին, այն պայմանով, որ այդ օրը Ազատության հրապարակում 10.000 մարդ կհավաքվի: Այս մասին ազատամարտիկը հայտարարել է այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ընթացքում:

«Իմ պահանջը ուղղված է համայն հայությանը, ու եթե իմ նախատեսած հավաքը չկայանա, ապա ևս 10 օր կշարունակեմ հացադուլը ու այսպես պարբերաբար մինչև հայ մարդն իր մտքից կհանի այն կործանարար հիվանդությունը, որը կոչվում է պարտվողական գոյատևում», – ասել է Ավետիսյանը:

Նա նշել է, թե ինքն ապստամբության կոչեր չի անելու, իրեն պարզապես պետք է ժողովրդի աջակցությունը: «Մենք չէինք գնացել կռվելու այսօրվա Հայաստանի համար, իմ ընկերները չէին զոհվել այս օրվա համար», – ասել է Ավետիսյանը:

Վերջինս հիշեցրել է, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո իր մարտական ընկերները դատարկաձեռն են վերադարձել:

«Գրավոր ներկայացրած մեր պահանջները  նույնությամբ՝ թղթի վրա հետ են վերադարձրել: Կառավարությունից  ակնկալվող պատասխանի թուղթն էլ դատարկ է», – եզրափակել է փոխգնդապետը:

Խաչիկ Ավետիսյան

Ազատամարտիկների շարժումը ղեկավարող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն էլ նշել է, որ վարչապետը ոչ մի լուծում չի առաջարկել՝ ընդամենը ժամանակ է խնդրել:

«Ասացի, որ ազատամարտիկները ծայրահեղ վիճակում են գտնվում՝ թանկացել են գազը, լույսը, տրանսպորտը, ի վերջո՝ կյանքը ու նույն  47 հազար ստացողը էլի 47 է ստանալու, հետաքրքիր է՝ ո՞նց է ապրելու: Նայելով մեր կառավարությանը՝ հասկացա, որ կառավարությունն ընդհանրապես մեր մասին չի մտածում, ուղղակի գնացինք, նստեցինք, իրար տեսանք, 1,5 ամիս ժամանակ խնդրեցին՝ ցուցակներ կազմելու, ճիշտ ու սուտ ազատամարտիկ իրարից զատելու համար: Մենք դժգոհ ենք ու շարունակելու ենք բողոքել», – նշել է Ավետիսյանը:

Նշենք, որ ազատամարտիկները բողոքի ակցիաներ են կազմակերպում մայիս ամսից: Նրանց նվազագույն պահանջներն են՝ կենսաթոշակների բարձրացում, բժշկական անվճար օգնության տրամադրում:  

Tekali Taxi