Home / Հայաստան / «Հանդուրժող» ոստիկանությունը սպառնում է պատասխանատվության ենթարկել ակտիվիստներին

«Հանդուրժող» ոստիկանությունը սպառնում է պատասխանատվության ենթարկել ակտիվիստներին

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքող ակտիվիստների գործողություններին արձագանքել է ՀՀ ոստիկանությունը, որի ներկայացուցիչները մտահոգված են վարորդների բարոյահոգեբանական վիճակով:

Երեկ Մաշտոցի պողոտայում ակցիա անցկացնող ակտիվիստների գործողությունները առաջացրել են ոստիկանության դժգոհությունը: Տարածած հայտարարության մեջ ոստիկանությունը նշում է, որ «մի խումբ անձինք,  խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով  երթևեկության բանուկ   գոտի, երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր»:

«Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև,  ցավոք,  անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում  վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում  ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`  բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն  անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները:

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է  ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ  ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների  հոգեվիճակի  խաթարումը կարող է մարդկային  կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ  երթևեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսևորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները փորձել են բերման ենթարկել բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներից մեկին, սակայն բողոքողները փակել են մեքենայի ճանապարհը, և ոստիկանները ստիպված են եղել բաց թողնել ակտիվիստին: