Փակ շուկայի մոտ կայացած ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի սատարող երիտասարդներից մեկը բռնություն է կիրառել ակտիվիստի նկատմամբ: Բերման են ենթարկվել, սակայն, ակտիվիստներ Արեն Մանուկյանն ու Վարդգես Գասպարին:
Այսօր Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի մոտ, 13:30-ից մեկնարկել է շուկայի շենքի աղճատման դեմ մի խումբ ակտիվիստների ակցիան և հակընդդեմ բողոքը: Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը պահանջում է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանից ապամոտաժել շուկայի տարածքում ապօրինի կառուցված հատվածները և վերականգնել հուշարձանի նախնական տեսքը:
Նախօրոք հայտարարված ակցիայի լուսաբանման համար տարածք ժամանած լրագրողներին մի խումբ տղամարդիկ ու կանայք են դիմավորել: Վերջիններս բղավելով պնդել են, որ հարակից շենքերի բնակիչները կողմ են, որպեսզի Սամվել Ալեքսանյանը շուկայի ներսում սուպերմարկետ կառուցի: Նշենք, որ հակառակ այդ պնդումներին այս տարվա մայիսին շուկային հարող Պարոնյան 4ա հասցեում գտնվող շենքի բնակիչները նամակով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին՝ պահանջելով կասեցնել Փակ շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը:
Այսօր Սամվել Ալեքսանյանին սատարող կանանց հիմնական փաստարկ այն էր, որ հարևան շենքերի բնակիչները բազում դժվարություններ են կրել շուկայի անմխիթար լինելու համար:
«Երկու տարի է՝ շուկան կռիսանոց է, ինչու մտավորականներդ չէիք անհանգստանում, չէիք ուզում փրկել հուշարձանը: Եկեք գնանք ցույց տամ, կռիսները լցվել են մեր տները, մենք տարին տասներկու ամիս ապրում ենք փոշու մեջ: Որ դրսից եկած մարդ լիներ, կուրախանայիք, կասեիք՝ ապրի, որ տեղացի ա սարքում, ուրեմն պետք է նախանձե՞ք: 16-րդ թաղամասից մարդիկ եկել են ու մեզ ասում են, թե մենք պրասպեկտի վրա ոնց պետք է ապրենք: Իրենց ինչ գործ է: Մենք կողմ ենք»,- ասել է մի կին, ով հրաժարվել է ներկայանալ:
Քիչ հետո Փակ շուկայի մոտ են եկել հուշարձանի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում՝ «Նախախորհրդարան» շարժման ներկայացուցիչներ Տիգրան Խզմալյանը և Գարեգին Չուգասզյանը:
Սամվել Ալեքսանյանի նախագծին սատարողները պահանջել են, որպեսզի եկածները չասեն, թե Սամվել Ալեքսանյանը օլիգարխ է: Նրանք նաև հայտարարել են, թե օլիգարխը հենց Խզմալյանն է, քանի որ «դրսից փողեր է ստանում Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար»:
Երկու ակցիաների մասնակիցների թեժ բանավեճը մի պահ վերածվել է կռվի ու քաշքշոցի այն ժամանակ, երբ մի խումբ բողոքող երիտասարդներ պաստառներով մոտեցել են շենքին: Ալեքսանյանին սատարող կանանցից մի քանիսը հարձակվել են նրանց վրա, խլել են պաստառները, պատռել և դեն են նետել դրանք:
Ակցիայի վայրում հետզետե շարունակել են ավելանալ ոստիկանական ուժերը, սակայն նրանք էլ չեն կարողացել կանխել միջադեպը: Հուշարձանի պահպանման համար պայքարող երիտասարդներից մեկը՝ Տիգրան Ավինյանը, դիմելով Ալեքսանյանի մերձավորներին, ասել է. «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի կեղծանունը) ստրուկ եք դառել սաղդ»:
Այդ պահին քաղաքացիական հագուստով մի երիտասարդ հարձակվել է ակտիվիստի վրա քաշել ու հարվածել նրան: Հարձակվողին օգնել են մի քանի մարդիկ ևս, որոնցից մեկը հորդորել է Տիգրանին «խելոք մնալ», այլապես վատ կլինի: Epress.am-ի թղթակիցը հարցրել է Ալեքսանյանին սատարողին՝ ինչու է սպառնացել ակտիվիստին, որին ի պատասխան մոտ 45 տարեկան տղամարդը ասել է, թե Տիգրանը «վատ բառ է ասել»: Երբ լրագրողը նշել է, թե ակտիվիստը արտաբերել է Ալեքսանյանի մականունը, տղամարդը պատասխանել է. «Էտի ձեր մականունն ա, այ հիմար»:
Քիչ հետո լրագրողները դեպքի մասին պատմել են Վալերի Օսիպյանին և խնդրել ասել, թե ինչու ոստիկանությունը բերման չի ենթարկում բռնություն կիրառած մարդուն:
«Ես ներկա չեմ եղել, ձեր պատմածներից եմ իմանում, Տիգրա՛ն, քո անձը արժանապատվությունը վիրավորե՞լ են»,- դիմելով տուժածին՝ հարցրել է Օսիպյանը:
«Ոչ»,- պատասխանել է Տիգրան Ավինյանը:
Ակցիայի ընթացքում Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել ակտիվիստ Արեն Մանուկյանը: Ոստիկանությունում նրան ասել են, թե բերման են ենթարկել «ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար»: Բերման են ենթարկել նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Հիշեցնենք, որ հակընդդեմ ակցիաների մարտավարությունը Սամվել Ալեքսանյանն առաջին անգամ չէ որ կիրառում է: Անցյալ տարի մայիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա մարդկանց փողոց էր դուրս բերում իր հիմնական մրցակից Նիկոլ Փաշինյանի դեմ, երբ վերջինս Մալաթիայում քարոզարշավ էր անցկացնում: Փաշինյանի դեմ դուրս էին գալիս Սամվել Ալեքսանյանի պատկանող փռերի և սուպերմարկետների աշխատակիցները: Վերջիններս Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հայտարարել էին, որ Սամվել Ալեքսանյանն Աստծուց մի քիչ ա պակաս, Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ստեղ»: