«ՀՀԿ-ն քննարկել էր Մաքսային միության հարցը». պահանջում են ԱԺ հրավիրել Սերժ Սարգսյանին
Մինչ Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտարարությունն անելը, Սերժ Սարգսյանը պետք է այդ հարցը քննարկեր Ազգային ժողովում: Այս մասին այսօր մեկնարկած ԱԺ 4-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այն բանից հետո, երբ Ազգային ժողովում ներկայացվել է նիստի օրակարգը, որում եղել են միջազգային պայմանագրերի և օրենսդրական փոփոխությունների հարցեր, բայց չի եղել Մաքսային միությանը միանալու խնդիրը: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ԱԳՆ ներկայացուցիչներից մեկին ԱԺ հրավիրել՝ բացատրություններ տալու համար:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնելուց առաջ քաղաքական մեծամասնության, այսինքն՝ Հանրապետական կուսակցության հետ քննարկել է Մաքսային միությանը միանալը, և ՀՀԿ-ն գտել է, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի վերնախավը Հայաստանի Հանրապետության պետական մարմին չէ, և հարցը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Նա պարտադիր է համարել ԱԺ հրավիրել Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին:
«Հերթական անգամ ԱԺ-ն ներկայացնում է օրակարգ, որը քիչ կապ ունի Հայաստանի զարգացման ներկա փուլի հետ: Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, կանգնել է աշխարհագրական ճգնաժամի նախաշեմին՝ մի իրավիճակ, որ նախկինում այսպիսի սրությամբ արտահայտված չի եղել Երրորդ հարնարպետության պատմության մեջ: Այս ֆոնին հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, որ Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհի վրա, որի վերջը ինքնիշխանության կորուստն է: Մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարություն է անում, իսկ Էդվարդ Նալբանդյանը ափալ-թափալ այցեր է կատարում Եվրոպա, Ազգային ժողովն այդ պրոցեսներից դուրս է մնում», - ասել է Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը կրկնել է, որ ՀՀԿ-ն հավանությունն արդեն տվել Սերժ Սարգսյանի որոշմանը, սակայն չի բացառել, որ Էդվարդ Նալբանդյանին հնարավոր է հրավիրել Ազգային ժողով:
Նա նաև նշել է, որ Մաքսային միությանը միանալու ամբողջ փաթեթը կներկայացվի ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի այդ փաթեթը մտնի Ազգային ժողով, քանի որ դրանով խախտվում է Սահմանադրության առաջին հոդվածը, որը չի կարելի խախտել նույնիսկ հանրաքվեով», - Աբրահամյանին հակադարձել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշել է, որ իրենք ցանկանում են, որ իրենց էլ համոզեն, իսկ քննարկումների արդյունքում, գուցե, որոշում կկայացվեր այդ հարցը դնել հանրաքվեի: Արզումանյանը նույնպես միացել է բարձրաստիճան պաշտոնյաներին ԱԺ հրավիրելու պահանջին:
Աբրահամյանը պատասխանել է, թե Արզումանյանն արտգործնախարար է եղել, ու պետք է իմանա, որ Սերժ Սարգսյանը պարտավոր չէր հարցը ներկայացնել Ազգային ժողովին: