Home / Տեսանյութեր / Բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել

Բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել

15:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել այսօր կեսօրին քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստներ Սուրեն Սահակյանին, Կարեն Հարությունյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Հասմիկ Գրիգորյանին, Վահագն Մինասյանին, Սոնյա Մսրյանին և Գոհար Սարոյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Հարությունյանը:

«Ես իմ օրինական իրավունքն եմ ուզեցել իրականացնել, իսկ ոստիկանները ինձ արգելում են դա անել ու տանում են ոստիկանություն: Բոլորիս նկատմամբ նույն հոդված են կիրառել՝ 182-ը (վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական խախտում կարատելու համար)»,- ասել է Հարությունյանը:

Նշենք, որ այսօր ժամը 10:15-ից քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստները պահանջում էին թույլ տալ իրենց մասնակցել Երևանի ավագանու այսօրվա նիստին, որտեղ պատրաստվում էին բարձրացնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի հարցը:

Ակտիվիստները պնդել են, որ Երևանի ավագանու նիստերը դռնբաց են, և իրենք իրավունք ունեն մասնակցել նիստին, սակայն ոստիկանները պատ են շարել՝ թույլ չտալով մոտենալ քաղաքապետարանի շենքի մուտքին: Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձել են անցնել ոստիկանների կողքով և մտնել քաղաքապետարան, ոստիկանները սկսել են հրել նրանց, իսկ մի քանիսին բերման են ենթարկել: 

Հիշեցնենք, որ այդ պահանջով մեկ և կես ամիս է՝ քաղաքապետարանի մոտ նստացույց են անում Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը:

Tekali Taxi