Home / Հայաստան / Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ, բայց առաջ գնալու տեղ կա, վստահ է Ֆյուլեն

Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ, բայց առաջ գնալու տեղ կա, վստահ է Ֆյուլեն

Շտեֆան Ֆյուլեն հայտարարում է, որ Եվրամիությունը Հայաստանից չի հրաժարվելու, չնայած Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշմանը: Միևնույն ժամանակ եվրոպական չինովնիկը նշում է, որ Հայաստանն այլևս չի կարողանա ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Եվրամիությունը հաստատ չի հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք (Սերժ Սարգսյանի հետ) քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել:

Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից: Թերևս ավելի կարևոր է այն, որ մենք քննարկեցինք, թե ինչպես առաջ շարժվել՝ հիմնվելով մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների, հայաստանցիների համար շատ կարևոր մի շարք ոլորտներում՝ բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, լավ կառավարման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոլորտային կոռուպցիայի խնդիրների շուրջ տարիների համագործակցության և բանակցությունների վրա: 

Ես ասացի նախագահին, որ որոշակի սկզբունքներ կան, որոնցից մենք չենք հրաժարվելու: Դրանցից մեկն այն է, որ մեր գործընկերները իրենք են ձևակերպում իրենց հավակնությունները, այն ճանապարհը, որով իրենք հասնելու են ընտրված արժեքներին և սկզբունքներին, և մենք հնարավորը կանենք այդ հավակնություններին համարժեք կերպով պատասխանելու մեր քայլերով և աջակցությամբ», – ասել է Ֆյուլեն: 

Վերջինս նշել է, որ հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ԵՄ ներկայացուցիչներին երբևէ որևէ բան չի ասվել Ռուսաստանի կողմից իրականացվող ճնշումների մասին:

«Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում հարցականի տակ դնել այստեղ՝ Հայաստանում իմ զրուցակիցների անկեղծությունը: Հասկանո՞ւմ եմ ես արդյոք Հայաստանի դիրքորոշումը․․․ Տեսեք, միայն քարտեզին նայելը բավական է հասկանալու համար այն որոշակի գործոնները և տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս: Դրանք ակնհայտորեն ավելի նշանակալից են, քան մեր ցանկացած այլ գործընկերոջ մոտ:

Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա», – ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը: 

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակելու է նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու է իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի:

Ֆյուլեն նաև պարզաբանել է՝ արդյոք հնարավոր է Մաքսային միությանն անդամակցել և ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որի մաս է կազմում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:

«Իմ հայաստանյան հանդիպումներում վերահաստատեցի հետևյալը․ մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական և առևտրային, որը նաև վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին, կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջև: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, և հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, և պատասխանն էր՝ ոչ:

Մենք պետք է ինչ-որ ձև գտնենք, որպեսզի այս երեքուկես տարիները մոռացության չմատնվեն, այսպես ասած՝ դեն չշպրտվեն: Պետք է դրանց հիմքի վրա առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Հայաստանի հետ հարաբերություններում այսօր մենք հիմնվում ենք Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որն արդեն բավական հնացած համաձայնագիր է, մեր հավակնություններն այժմ ավելին են, քան այն հնարավորությունները, որոնք ընձեռում է գործող համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ Հայաստանի ընդունած որոշման հետևանքով», – պարզաբանել է Ֆյուլեն:

Tekali Taxi