Home / Տեսանյութեր / Ոչինչ չի՞ փոխվի. Փաստաբանների պալատը նոր նախագահ ունեցավ

Ոչինչ չի՞ փոխվի. Փաստաբանների պալատը նոր նախագահ ունեցավ

Շաբաթ օրը Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանն ընտրվել է պալատի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբեն Սահակյանին: Զոհրաբյանը Պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է 4 տարի:

Փաստաբանների պալատի 1370 անդամից քվեարկությանը մասնակցել են 913-ը: Արա Զոհրաբյանը ստացել է 713 ձայն, նրա մրցակիցներից՝ Տիգրան Աթանեսյանը՝ 94, իսկ Կրոմվել Գրիգորյանը՝ 87:

Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը շնորհավորել են նորընտիր նախագահին և հայտարարել են, որ ընտրությունները պատշաճ մակարդակով են անցկացվել:

Ընտրություններին մասնակցած փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ նոր նախագահը պալատի ղեկավարության անդամ է եղել, նրա թեկնածությունը առաջարկել և պաշտպանել է ներկայիս նախագահ Սահակյանը, ուստի նա նույն թիմի գործելաոճի շարունակողն է լինելու:

«Իսկ այդ թիմի գործելաոճը կայանում է նրանում, որ պալատը որևէ քաղաքականությունը չունի Հայաստանում կատարվող քաղաքական և սոցիալական իրավիճակի վերաբերյալ, ներքին հարցերում ևս բավականին իներտ է», – ասել է Բաղդասարյանը: Նա հույս է հայտնել, որ այս անգամ ընտրությունների անցկացման ընթացակարգը, այն է՝ թեկնածուների միջև բանավեճերի անցկացումը, հիմք կհանդիսանա, որպեսզի այլ համապետական և տեղական ընտրություններում էլ թեկնածուները ծրագրեր քննարկեն, բանավիճեն, որպեսզի ընտրողն իմանա՝ ում է ձայն տալու:  

Փաստաբանների պալատում նոր նախագահի ընտրությունից հետո մեծ փոփոխություններ չի ակնկալում նաև փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի անդամ Գայանե Խաչատրյանը: Նրա խոսքով՝  Զոհրաբյանը քարոզարշավի ընթացքում ներկայացրել է մեծ ծրագիր, սակայն նրան ոչինչ չէր խանագրում, որպեսզի նա օգտվեր իր՝ փոխնախագահի մանդատից և այդ բարեփոխումներից գոնե մի քանիսն ավելի վաղ ներկայացներ նախագահ Ռուբեն Սահակյանին:

«Զոհրաբյանը շատ լավ իրավաբան է, սակայն Պալատի նախագահ լինելու համար կազմակերպչական տաղանդ, կամքի ուժ է պետք, պետք է կարողանալ դեմ գնալ իշխանությանը: Այն հանգամանքը, որ Զոհրաբյանին առաջարկել է Ռուբեն Սահակյանը, արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ որևէ էական փոփոխություն չի սպասվում պալատի գործունեության մեջ»,- ասել է Գայանե Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ Պալատի քաղաքականությունը բազում հարցերում  փաստաբանների մեծ մասին դուր չի եկել, մասնավորապես, այն, որ պալատի նախագահը հրաժարվել է միանալ փաստաբանների գործադուլին:

Բացի դա, ըստ Խաչատրյանի, Պալատում շատ մրցույթներ անցկացվում են ոչ թափանցիկ կերպով: Օրինակ, երբ արտասահմանում փաստաբանների վերապատրաստման ծրագրեր են լինում, դրա մասին ոչ թե հայտարարարություն է տեղադրվում կայքում, այլ փաստաբանները սեմինարի կամ դասընթացի մասին տեղեկանում են միայն դրանց ավարտից հետո:

Պալատի նախագահի նկատմամբ բավականաչափ վստահություն ունի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունները ոչ միայն վկայում են Զոհրաբյանին վստահելու մասին, այլև գնահատական են Պալատի աշխատանքին, այսինքն՝ ապացուցում են, որ փաստաբանները գոհ են Պալատի աշխատանքից: 

Tekali Taxi