Home / Հայաստան / Օսկանյանի որդու մոտ հայտնաբերված նյութը թմրամիջոց է եղել. աղբյուր

Օսկանյանի որդու մոտ հայտնաբերված նյութը թմրամիջոց է եղել. աղբյուր

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը հիշեցնում է, որ դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը և վերջինիս ընկերը:

Նույն օրը ոստիկանությունից հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ։ Նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Թերթի հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն ազատ էին արձակվել։

Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք փորձաքննության արդյունքները հայտնի են, ոստիկանությունից պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։

«Ըստ հավաստի տեղեկությունների՝ փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէր»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi