Home / Հայաստան / Էթիկայի հանձնաժողովը հրաժարվել է քննել քաղաքացուն «ոչխար» անվանած ԱԱԾ պետի հարցը

Էթիկայի հանձնաժողովը հրաժարվել է քննել քաղաքացուն «ոչխար» անվանած ԱԱԾ պետի հարցը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրաժարվել է քննել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի (լուսնակարում) կողմից էթիկայի կանոների խախտելու հարցը՝ պատճառաբանելով որոշումը կոնկրետ անձից կամ անձանց կողմից դիմումի բացակայությամբ: Այս մասին հանձնաժողովը գրել է «Թրանսպերանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ին (ԹԻՀԿ) ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն դիմել էր հանձնաժողովին՝ նշելով, որ «սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր «Էշ ա, արա՛», «ի՞նչ ես գոռում, ա՛յ ոչխար» արտահայտություններով»:

«Ձեր դիմումում բարձրաձայնված նմանատիպ հարցի հանձնաժողովն անդրադարձել է Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում: Նշված եզրակացության մեջ հանձնաժողովը նշել է, որ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական անձի կողմից էթիկայի կանոնների խախտումներին, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում», – ասված է ԹԻՀԿ-ին ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք, որ Սաքունցը ավելի վաղ դիմել էր հանձնաժողովին որպես Վանաձորի բնակիչ՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին ներողություն խնդրի վանաձորցիներից նրանց վիրավորելու համար: Հանձնաժողովը դիմումին հավանություն էր տվել:  

Tekali Taxi