Կառավարության մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր իրենց ակցիան որոշել են անցկացնել ոչ թե Կառավարության շենքի դիմաց, այլ Հանրապետության հրապարակի կենտրոնում:
4 կանայք կանգնել են հրապարակի կենտրոնում՝ գորգի վրա, և հայտարարել, որ այսօրվանից իրենք փոխում են ավանդույթը և այսուհետ այլ կերպ են շարունակելու պայքարել: Նրանց խոսքով՝ կառավարության մոտ պարզապես կանգնելը ոչ մի արդյունքի չի բերել, քանի որ իրենք շարունակում են անուշադրության մատնվել պաշտոնյաների կողմից, իսկ իրենց զոհված որդիների գործերը ճշմարտացի լուծում չեն ստանում: Հրապարակի կենտրոնում և հետագայում նախագահական նստավայրի մոտ ակցիա անցկացնելը, ծնողների խոսքով, կօգնի ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա:
Անահիտ Մկրտչյանին, Իրինա Ղազարյանին, Նանա Մուրադյանին և Գոհար Սարգսյանին հետագայում միացել են վերջինիս ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, և ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ոստիկանները նրանց հորդորել են հեռանալ Հրապարակի գորգից, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվել են: Ավելի ուշ ՀՀ կառավարության շենքին են մոտեցել ազատամարտիկները, ովքեր պահանջում են ազատ արձակել ազատամարտիկների շարժման ղեկավարներից մեկին՝ Վոլոդյա Ավետիսյանին: Սևազգեստ մայրերը միացել են ազատամարտիկներին: