Home / Հայաստան / Ադրբեջանցի գրողը՝ «լավ տղու քրոջ» մասին

Ադրբեջանցի գրողը՝ «լավ տղու քրոջ» մասին

«Լավ տղա» արտահայտության միջոցով կովկասյան միջավայրում փորձում են չեզոքացնել այլ բարբառների, ազգությունների, մասնագիտությունների, հավատքների ներկայացուցիչների նկատմամբ ունեցած կարծրատիպերը:

«Ծանոթացեք… էսինչնա…»: Իսկ ընկերոջը (շշուկով կամ մայրենի լեզվով)՝ «Ինքը մենթ ա, բայց լավ տղայա»: «Հանրապետական ա (Հայաստանի դեպքում), բայց լավ տղայա»: «Թուրքա/հայա/ռուսա/ադրբեջանցիա/վրացիա, բայց լավ տղայա»: Տվյալ դեպքում Հայաստանի իշխող կուսակցության, կամ հարևան երկրների բնակիչների մասին տիրող կարծիքը չի վիճարկվում, այլ նշվում է, որ կոնկրետ այդ պարագայում գործ ունենք բացառության հետ:

«Լավ տղա» կարող է լինել գողական, բայց առատաձեռն պաշտոնյան, կնոջն ու երեխաներին ծեծող տղամարդը, ով, սակայն, ծնողի համար շքեղ թաղում է կազմակերպել, զինվորներին ծեծող բանակի սպան, ով երբեք չի հայհոյում նրանց ծնողներին, մյուս ծառայողների կողմից ստորացվող զինվորը, ով, սակայն, ծխախոտը «նասկու մեջ» չի թաքցնում:

Բայց ի՞նչ է «լավ աղջիկը» ու կա՞ արդյոք նման հասկացություն: Հայտնի ադրբեջանցի գրող, թարգմանիչ ու հրապարակախոս Գյունել Մովլուդը Kultura.az կայքում անդրադարձել է հենց այդ թեմային:

Լավ տղու քուրը

– Թե ինչ է «լավ տղան», բոլորս գիտենք: Իսկ ահա «լավ աղջիկ» հասկացությունը մեզ մոտ, ցավոք, կամ գոյություն չունի, կամ գնտվում է ձևավորման փուլում:

Ավելի ճիշտ, այն, որ աղջիկը լավն է, իր անվան հետ կապված չէ: Աղջիկը ինքնին չի կարող լավը լինել: Նա միայն կարող է լավ տղու քուր լինել:

Սակայն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ մեկտեղ փոխվում են նաև լավ տղու քրոջը բնորոշ հատկանիշները: Այս գրառման մեջ կփորձեմ ներկայացնել «լավ տղու քրոջ» ճիշտ նկարագրությունը:

«Լավ տղու քրոջը» առաջին հայացքից մատնում են նրա ունքերը: «Լավ տղու քուրը» ունքերը չի հանում, ժամանակ առ ժամանակ պերօքսիդի միջոցով գունաթափում է դեմքի ավելորդ մազիկներն ու դրանք, աչքի լույսի նման, պահում մինչև ամուսնություն: Ունքերը, բեղերը, մորուքը աչքի լույսի նման պահող «լավ տղու քուրը» ամուսնության հենց առաջին օրը պետք է արմատապես թրաշի ունքերն ու դրանք նկարի՝ աչքերից երկու մետր հեռավորության վրա:

«Լավ տղու քուրը» պետք է մազերը դեղին ներկի, կրծքկալի մեջ բամբակ դնի, եթե հանկարծ կրծքերի առումով բախտը չի բերել, 10 սանտիմետրանոց եղունգներ աճեցնի, սև մատիտով ընդգծի շուրթերի ուրվագծերն ու աչքերի եզրերը (ես էլ եմ այդպես անում, չնայած մինչ այժմ այդպես էլ չեմ հասկացել՝ ես «լավ տղու քուր» եմ, թե ոչ):

«Լավ տղու քուրը» պետք է 6-րդ դասարանից թողնի դպրոցն ու նստի տանը: Նա պետք իր անունը անհավանական դժվարություններով, քրտնելով գրի, կյանքում երազահանից բացի ոչ մի գիրք չպետք է բացի: Լավ տղու քուրը չպետք է մտնի ինտերնետ, չպետք է իմանա «չատ» կամ «կայք» բառերի իմաստը:

Եթե հանկարծ «լավ տղու քուրը», պահը բռնացնելով, լավ տղու աչքից հեռու մի քանի կայք է մտել, ժամանակակից հեղինակներից մեկին կարդացել, ապա նա ուղղակի պետք է ամբողջ սրտով ատի Ալի Ակբարին, Սեյմուր Բայջանին մարդ չհամարի, իսկ Գյունել Մովլուդին անբարոյական համարի:

«Լավ տղու քրոջ» հեռախոսի էկրանին պետք է լինեն Մահսուն Ղըրզմզիգյուլի ու Փոլատ Ալեմդարի նկարները (թուրք երգիչ ու դերասան  – Epress.am): Նրա հեռախոսի նամակները, մուտքային ու ելքային զանգերն ամեն երեկո ենթակա են պարտադիր վերահսկողության:

«Լավ տղու քրոջ» սիրած հաղորդումները պետք է լինեն «Տոյ օսլուն» (Թող լինի հարսանիք) ու «Օնուն Յարիստի» (Ինն անց կես) ամուսնական շոուները: Նա պետք իրեն ցույց տա այս հաղորդումների ժամանակ տեսած լավ տղաներին, ու այդ նպատակով հաջորդ օրը՝ մոր թույլտվությամբ, եղբորից գաղտնի, զանգի ու հագնված-կապնված ներկայանա ստուդիա:

Եթե փողոցում ինչ-որ տղա նայի «լավ տղու քրոջ» կողմը, բառ ասի կամ ժամը հարցնի, նա պետք է պատասխանի այնպիսի երկաթե փաստարկներով, ինչպես, օրինակ, «այ օղրաշ, գնա էդ բառերը քրոջդ ու մորդ ասա», ու պետք է բողոքի եղբորը, որ վերջինս այդ տղային ծեծի:

«Լավ տղու քրոջ» առաջին հարցն իր ընկերոջը, ում հետ հանդիպում է եղբորից գաղտնի, պետք է լինի՝ «Դու իմ հետ կամուսնանա՞ս»: «Լավ տղու քուրը» չպետք է միայնակ գնա քաղաք, դեղատուն կամ խանութ: Նրա հետ պարտադիր պետք է լինի դեղին ներկած մազերով ընկերուհին: Իսկ ընդհանրապես, «լավ տղու քրոջ» լավագույն ընկերուհին պետք է լինի նրա մայրը: Բայց, հնարավորության դեպքում, մեկ այլ ընկերուհի էլ է պետք, որպեսզի միասին քայլեն, նույն օծանելիքն օգտագործեն, նմանատիպ կրծքկալներ հագնեն:

«Լավ տղու քուրը» պետք է նշանվի հարևանի եղբոր թոռան կամ հորաքրոջ համագյուղացու խնամու բարեկամի հետ, բայց փեսացուի հետ զբոսանքների չպետք է դուրս գա: Առաջին իսկ հնարավորության դեպքում, Աստծու աչքից հեռու, չպետք է խնայի ու կրծքերը ցուցադրի մոտ կամ ոչ այնքան մոտ տղաներին:

Ծնողների ու եղբոր հետ մի սենյակում գտնվելիս՝ հեռուսատցույցով համբույրի տեսարանի ժամանակ, «լավ տղու քուրը» պետք է կարմրի ու շտապ դուրս գա սենյակից, իսկ գիշերը, երբ բոլորը քնած են, պոռնո նայի: Բայց դա պետք է անի ոչ թե հաճույքի, այլ իրազեկվածության համար:

Լավ տղու քրոջը հարիր չէ այս հոդվածը կարդալ:

Գյունել Մովլուդ

Kultura.az