Home / Հայաստան / ՌԴ սահմանապահները խոչընդոտել են «Ժառանգության» քարոզարշավը, կոտրել են տեսախցիկը

ՌԴ սահմանապահները խոչընդոտել են «Ժառանգության» քարոզարշավը, կոտրել են տեսախցիկը

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ ռուս սահմանապահները կանգնեցրել են «Ժառանգության» կուսակցության մեքենաները, որոնք 38 ընտրատարածքի պատգամավորական ընտրությունների քարոզարշավն էին իրականացնում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է, թե ինչ իրավունքով են ռուսաստանյան ՖՍԲ-ի ծառայողները միջպետական ճանապարհին մեքենաներ կանգնեցնում: Այդ պահին «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը սկսել է տեսագրել զրույցը, սակայն նրա վրա հարձակվել են ու կոտրել են տեսախցիկը:

Ինչպես հաղորդում է aravot.am-ը, միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանի հետ սկսել է բանակցել ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Միրզոևը, ով բացատրություն է տվել դեպքի հետ կապված:  

«Իրենք ասացին, որ ներողություն են խնդրում և պատրաստ են անմիջապես փոխհատուցել մեր վնասված տեսախցիկի համար: Բայց մենք ասացինք, որ պետք է մեզանից առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրեն, երկրորդը՝ փոխհատուցում տրամադրեն՝ մեզ պատճառած վնասի համար և երրրորդը՝ պատասխանատվության կանչեն իրենց այն զինծառայողին, ով այդ պահին այդտեղ ծառայություն է  իրականացրել: Իրենք պետք է գործին պաշտոնական ընթացք տան, ոչ թե իրենց կողմից հնչեն բանավոր հայտարարություններ: Չնայած այդ պաշտոնատար անձինք իրենց բավականին կոռեկտ էին պահում և հասկանում էին այդ պահին, թե ինչ է տեղի ունեցել, և որ մեղավորությունը իրենց աշխատակցի վրա էր: Իրենք ընդունել են, որ սխալ են եղել: Հիմա մեր պահանջը պաշտոնապես ընթացք տալն է: Իրենք խոչընդոտել են մեր քարոզարշավը: Եթե մենք չասեինք, որ կդիմենք իրավապահ մարմիններին, չեմ բացառում, որ այդտեղ մեր նկատմամբ նաև բռնի ուժ էլ կկիրառվեր: Սա բռնության փորձ էր, բռնի ուժով ցանկանում էին տեսախցիկը վերցնել», – aravot.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց տեսախցիկիը կոտրողը եղել է հատուկ համազգեստով, որի վրա նշված է եղել՝ ФСБ. «Ես մոտեցա իրեն և ռուսերենով խնդրեցի պարզաբանում: Իրենք հաղորդակցվում էին ռուսերենով»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝  մինչև իրենց ճանապարհի վրա կանգնեցնելը իրենք արդեն ճշտած են եղել, թե ովքեր են այդ մեքենաներում. «Մեզանից ցերեկը փաստաթուղթ են պահանջել, զեկուցել են իրենց վերադասին: Զեկույցից հետո մեզ ասացին՝ բաց թողեք նրանց, կարող են անցնել: Երկրորդ անգամ նորից ստուգում եղավ, մեքենայի խուզարկություն, ինքնության ստուգում: Իսկ երբ հիմնավորումներ խնդրեցինք իրենց գործողությունների համար, բախվեցինք այդպիսի խոչընդոտների: Եթե մենք բողոք չբարձրացնեինք, նրանք զինված էին ինքնաձիգով, և ես չեմ բացառում, որ մեր անձի հետ կապված ոտնձգություններ եւս տեղի ունենային»:

Պատգամավորը նաև նշել է, որ հետագայում իրենց բացատրել են, որ իրենք օգնում են Հայաստանի իրավապահ մարմիններին գտնել այն անձին, ում կասկածում են թմրամիջոցների փոխադրման մեջ, ով փախուստ է ձեռնարկել: Նա Իրանի քաղաքացի է, ում կասկածում են թմրադեղերի տեղափոխման մեջ, արդեն իսկ ձերբակալված է եղել, տեղափոխել են դեպի Երևան, բայց փախուստի է դիմել:

Tekali Taxi