Home / Հայաստան / Դատարանը որոշել է կալանավորել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին

Դատարանը որոշել է կալանավորել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական հրապարակել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Այսօր քաղաքագետը չէր ներկայացել իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությանը: Նա մեղադրվում է Աշտարակի բնակիչ Հեղինե Սարգսյանից 530 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Նախագահողը տեղեկացրել է, որ դատական նիստն ուշ սկսելու պատճառը կապված է եղել ամբաստանյալի դատարան չներկայանալու հետ։ Աշխատակազմից զանգել են Սուրենյանցին, նա սկզբում ասել է, որ վատառողջ է, չի կարող ներկայանալ և գտնվում է հիվանդանոցում։ Երբ փորձել են իմանալ ո՞ր հիվանդանոցում, Սուրեն Սուրենյանցը պատասխանել է, որ գտնվում է տանը և կաթիլային է ընդունում՝ անջատելով հեռախոսը։ Հաջորդ զանգին, երբ հարցրել են, թե որտե՞ղ է բնակության հասցեն, նա պատասխանել է, որ ընկերոջ տանն է գտնվում, քիչ անց հասցեն կճշտի և կասի։ Քրեական գործում Սուրեն Սուրենյանցը 2 հասցե է նշել՝ Եղիազարյան 14 տուն և Անդրանիկի 19, բն. 68:

Սեպտեմբերի 4-ին դատարանը բերման ենթարկման մասին որոշում էր ընդունել և Մալաթիայի բաժնից ստացվել էր գրություն՝ նշված հասցեով նման մարդ չի ապրում, իսկ տանտեր Հայկանուշ Ապրեսյանն էլ հայտնել է, որ 7 տարի առաջ է գնել այս բնակարանը, երբևէ չի ճանաչել Սուրեն Սուրենյանցին։

Այսօրվա նիստին մեղադրող Հայկ Մովսիսյանը ասել է, որ ամբաստանյալի չներկայանալը հարգելի չէ, միջնորդեց հայտարարել հետախուզում և ապա փոխել խափանման միջոցը և կալանավորել Սուրենյանցին, որին էլ դատավորն ավելի ուշ հավանություն է տվել: Տուժող Հեղինե Սարգսյանն ասել է. «Կուզեի վերջ դնել այս ամենին, երրորդ անգամն է՝ գալիս ենք, ես անկողնային հիվանդ եմ պահում»: 

Դատարանը գործի վարույթը կկասեցնի մինչեւ քաղաքագետին հայտնաբերելը։

Նշենք, որ այսօր Lurer.com հետ հեռախոսազրույցում Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունը քաղաքական որոշակի շրջանակների պատվեր է և իր նկատմամբ հետապնդման փորձ: Նա նաև ասել է, որ իրեն հայտնի է, թե ով է պատվիրատուն և խոստացել է անունները քիչ ուշ հայտնել: 

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրանքի, Սուրենյանցը 2012թ. հուլիսի 26-ին, հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Սուրենյանցն այդ պատրվակով Հեղինե Սարգսյանից մաս-մաս ստացել է ընդհանուր 530.000 դրամ։

Tekali Taxi