Home / Հայաստան / Մոլդովան կոչ է անում վերջնականապես դուրս բերել ռուսաստանյան զորքերը

Մոլդովան կոչ է անում վերջնականապես դուրս բերել ռուսաստանյան զորքերը

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կոչ է արել ռուսաստանյան զորքերը վերջնականապես դուրս բերել Մերձդնեստրից:

«Մենք ձգտում ենք ակտիվացնել իրավապահ մարմինների կապերը, պահպանել կայունությունն անվտանգության ոլորտում ու տարածաշրջանում խաղաղարար ուժերը վերածել միջազգային առաքելության: Մենք կոչ ենք անում վեջնականապես դուրս բերել ռուսաստանյան զինված ուժերն ու սպառազինությունը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է Մոլդովայի վարչապետը:

Իր ելույթի ընթացքում Լյանկեն հիմնականում խոսել է Եվրամիության հետ Մոլդովայի հարաբերությունների ու երկրի եվրաինտեգրման հարցերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «Մոլդովայի կառավարության՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգն ուղղված է դեպի եվրաինտեգրում», իսկ ներկա պահին ամենահրատապ հարցը ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցն է, որի ստորագրումն ակնկալվում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:

Ավելի վաղ երկրի նախագահ Նիկոլայե Տիմոֆտին հայտարարել էր, որ Մոլդովան չի կարող ապրել «ճնշման ու սպառնալիքների» պայմաններում: Մոլդովայի նախագահն այսպես էր արձագանքել Կրեմլի դիրքորոշմանը, որը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի միջոցով Մոլդովային զգուշացրել էր, որ Քիշնևի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի բարդությունների Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մասնավորապես, Ռոգոզինի խոսքով, խնդիրներ կառաջանան երկկողմանի առևտրի, Մոլդովայից աշխատողների ազատ տեղաշարժման, մերձդնեստրյան խնդրի կարգավորման հարցերում:

Կայքը նշում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը ճնշում է գործադրում նախկին խորհրդային երկրների վրա, այդ թվում՝ Ուկրաինայի ու Մոլդովայի՝ փորձելով խանգարել Եվրամիության հետ դրանց մտերմացմանը:

«Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայի ճնշման տակ, Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու մտադրության մասին», – գրում է Svoboda.org-ը:

Tekali Taxi