Գլխավոր / Տեսանյութեր / Սյունիքի ընտրություններին նախորդից 10 000-ով քիչ մարդ է մասնակցել. ընտրվել է ՀՀԿ-ականը

Սյունիքի ընտրություններին նախորդից 10 000-ով քիչ մարդ է մասնակցել. ընտրվել է ՀՀԿ-ականը

Թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզ) երեկ կայացել են ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունները:

Հանրապետական կուսակցության թեկնածու, 59-ամյա Արմեն Կարապետյանը, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ստացել է 20 744 ձայն, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու, 59-ամյա Սամվել Հայրապետյանը՝ 3555 ձայն, իսկ մնացած քվեաթերթիկներն անվավեր են եղել:

Ազգային ժողովում Արմեն Կարապետյանը կփոխարինի Վահե Հակոբյանին, ով վայր էր դրել իր պատգամավորական մանդատը Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո:

Դեռևս շաբաթ օրը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոք էր ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Բողոքը կապված էր սեպտեմբերի 25-ին ՌԴ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի խոչընդոտելու հետ: Փոստանջյանի կարծիքով՝ այդ միջադեպը անհավասար պայմաններ էր ստեղծել՝ նպաստելով ընտրողների շրջանում վախի սփռմանը և ցածր մասնակցությանը:

Նշենք, որ մասնակցությունը եղել է ցածր՝ 50 տոկոսի սահմաններում՝ 50370 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 25349-ը: Այս թիվը 10 հազարով պակաս է նույն ընտրատեղամասում 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ընտրությունների տվյալից: Մասնավորապես, այն ժամանակ 49761 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էին 35315-ը: ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը ստացել էր 22751 քվե, ինչը գրեթե նույնն է, ինչ երեկ ստացել էր Արմեն Կարապետյանը: Իսկ ահա ընդդիամդիր թեկնածու, ՀՅԴ-ական Գառնիկ Գևորգյանն այն ժամանակ ստացել էր 8034 ձայն՝ մոտ 55 տոկոսով ավելի, քան այս անգամ ընդդիմադիր Սամվել Հայրապետյանը: 

Tekali Taxi